Քաղաքական
«Խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում անվտանգության համակարգին վնաս չի հասցվի». Նալբանդյան
Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում սեպտեմբերի 19-ին ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, անդրադարձել է ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:
«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ում խոսքերը փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նալբանդյանը խոսել է նաև կարգավորման մյուս տարրերի մասին․«Եռանախագահները ասում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի իր ապագան ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Մինչև այդ կամարտահայտության կազմակերպումը վերջնական կարգավիճակի որոշման նպատակով ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ. սա նշանակում է, որ հետո կա նաև վերջնական կարգավիճակ: Շատ երկրներ, որոնք կիրառել են իրենց ինքնորոշման իրավունքը, այսպիսի կարգավիճակներով էլ են անցել՝ միջանկյալ, ժամանակավոր և հետո վերջնական: Միջանկյալ կարգավիճակի դեպքում միջազգային հանրությունը համապատասխան՝ միգուցե [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի որոշմամբ պետք է ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներին՝ ՀՀ Արտգործնախարարն ասել է, թե դրանք պետք է բազմաշերտ երաշխիքներ լինեն:
«Ի՞նչ են ասում եռանախագահները․․․ ասում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար Ղարաբաղին պետք են միջազգային անվտանգության բազմաշերտ երաշխիքներ: Բազմաշերտ նշանակում է ոչ միայն բազմազգ խաղաղության պահպանման ուժեր և խաղաղության պահպանման ուժեր Ղարաբաղի շուրջ կամ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով անվտանգության երաշխիքներ, այլ նաև, որ, օրինակ, պետք է ճանաչվի, որ Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության: Նաև ԼՂ Պաշտպանության բանակը պետք է երաշխավորը լինի այդ անվտանգության»:
Նալբանդյանի խոսքով՝ առանց լիակատար անվտանգության երաշխիքների ապահովման ղարաբաղյան խնդրի կարգավորումը անհնար կլինի:
Լուսանկարը՝ MFA.am-ի