ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վահե Հակոբյանը ներկայացրել է Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին
18:15 19.09.2017

Վահե Հակոբյանը ներկայացրել է Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին

Մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 15-ին Գորիսի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանին: Վահե Հակոբյանը շնորհավորել է Առուշ Առուշանյանին նոր պաշտոնում նշանակավելու կապակցությամբ: Մարզի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Առուշ Առուշանյանը կարողանալու է նոր շունչ հաղորդել քաղաքապետարանի աշխատանքներին և պատշաճ կերպով իրականացնել իր առջև դրված բոլոր խնդիրները:

Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետ Վահե Հակոբյանին և ՀՀ Կառավարությանը վստահության համար: Նա հավաստիացրել է, որ քաջածանոթ լինելով համայնքի խնդիրներին՝ կգործադրի բոլոր ջանքերը՝ թեթևացնելու Գորիսի և գորիսեցիների հոգսերը:

Հանդիպմանը մարզպետ Վահե Հակոբյանն ու Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը պատասխանեցին ներկաներին մտահոգող հարցերին, որից հետո Մարզպետը խորհրդակցություն անցկացրեց համայնքի ավագանու անդամների հետ: 

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Առուշ Գագիկի Առուշանյանը նշանակվել  է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ով համայնքը ղեկավարելու է մինչև նոյեմբերի 5-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել: Սեպտեմբերի 11-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ներկայացվել է ՀՀ Կառավարություն և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

18:15 19.09.2017

Ամենաշատ ընթերցվածները