ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
18:55 19.09.2017

Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին Խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը՝ փաստելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևոր գործընկերներից է:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Արա Բաբլոյանն ընդգծել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Արցախի Հանրապետություն այցելություններն ու խնդիրներին տեղում ծանոթանալը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին` նշելով, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱՄՆ կոնգրեսականները կարևորել են փոխադարձ այցելություններն ու ակտիվ համագործակցությունը: Հյուրերն ընդգծել են երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնումն ու զարգացումը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: ԱՄՆ կոնգրեսականները Ամերիկայի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում մեծապես կարևորել են հայ համայնքի ներդրումը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ նրանք վստահեցրել են, որ ԱՄՆ-ն հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է.  խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: 

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջ

18:55 19.09.2017