Հասարակական
Կվերակազմավորվի «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կապանի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը շուտով կվերակազմավորվի «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի: Ծրագիրն արդեն իսկ ազդարարված է. հոկտեմբերի 2-ից կսկսվի նաև մասնագետների վերապատրաստման գործընթացը: Սակայն մինչև վերակազմավորվելը հաստատությունը դեռևս շարունակում է իրականացնել երեխաների շուրջօրյա խնամք:
«Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ –ի տնօրեն Ռուզաննա Հովհաննիսյանը նշեց, որ կենտրոնների ստեղծման նպատակն է կազմակերպության տարածքում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների և նրանց երեխաներին խնամքի աջակցության՝սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-իրավական խորհրդատվության տրամադրումը: Տնօրենի խոսքով՝ ցերեկային կենտրոնի վերափոխվելու դեպքում բազմագործառույթ ծառայությունների նոր որակ և նոր մակարդակ կլինի. կբարելավվի երեխայի կյանքի որակը, երեխան կինտեգրվի հասարակության մեջ: Եթե նախկինում կենտրոն էին հաճախում 6-18 տարեկան երեխաները, ապա ցերեկայինի դեպքում կարող են հաճախել 3-18 տարեկանները:
Կենտրոնի շահառուները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների, հակասոցիալական վարք դրսևորող, հատուկ խնամքի կարիք ունեցող, հաշմանդամ, ֆիզիկական և հոգեկան զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ են:
Հաստատությունում նախորդ տարվա համեմատ երեխաների թիվը նվազել է: Նախորդ տարի հաստատությունում խնամվում էր 64 երեխա, իսկ այս տարի՝ 43:
Սոցիալական աջակցության ցերեկային կենտրոնում երեխաները կստանան օրական մեկ անգամ սնունդ, ըստ գնահատված կարիքի կիրականացվի ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպում դպրոցական ժամերից դուրս: Կենտրոնում կընդգրկվեն քաղաքի լավագույն որակավորում ունեցող մասնագետները:
Կառույցը կլինի մարզային: Մասնաճյուղեր կստեղծվեն նաև Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի քաղաքներում:
14-ամյա Շուշան Գասպարյանը, ով ցանկանում է դիզայներ դառնալ, նշեց, որ հաստատությունում իր օրերն անցնում են բավականին հետաքրքիր և հագեցած: Նրա փոխանցմամբ հաստատության աշխատակիցների օգնությամբ իրականացնում է դասապատրաստման աշխատանքներ և մասնակցում է գործող խմբակներին:
Նշենք, որ 4-հարկանի հաստատությունը, որը կոչվում է ննջարանային մասնաշենք, սեյսմիկ տեսանկյունից բավականին վատթար վիճակում է գտնվում, այդիսկ պատճառով ճաշարանային մասնաշենքը կլինի սոցիալական աջակցության կենտրոնը: Շենքի վերակառուցման աշխատանքները կիրականացվեն Ամերիկյան զարգացման հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից:
Ռուզաննա Հովհաննիսյանն ավելացրեց, որ ցերեկային կենտրոն հաճախելու համար արդեն իսկ ստացել են 100-ից ավելի դիմում: Նա վստահ է, որ ցերեկայինի դեպքում երեխաների թիվը կկրկնապատկվի:
Սոնա Առաքելյան
Zangezur.tv