ԱՎԵԼԻՆ

Հասարակական

6,2% տնտեսական ակտիվության պայմաններում աշխատանքից ստացված հասարակության եկամուտները չնչին փոփոխության են ենթարկվել
13:15 20.09.2017

6,2% տնտեսական ակտիվության պայմաններում աշխատանքից ստացված հասարակության եկամուտները չնչին փոփոխության են ենթարկվել

«Հայոց աշխարհ»-ում կարդում ենք.«Չնայած արձանագրվող տնտեսական ակտիվությանը՝ այնուհանդերձ դա առայժմ հասարակության կյանքում որակական փոփոխությունների չի հանգեցնում կամ ազդեցությունը չափազանց փոքր է։ Սա դարձել է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության քննադատության հիմնական թիրախը, ինչն անշուշտ հիմքեր ունի։

Տնտեսության մեջ կատարվող դրական տեղաշարժերը սոցիալական ոլորտում այնքան էլ տեսանելի չեն, որն էլ ունի իր պատճառները։ Տնտեսական գործընթացների ազդեցությունը սովորաբար հասարակությունը զգում է տարբեր ուղղություններով։ Սակայն առաջնայինը սեփական եկամուտների ավելացումն է կամ ծախսերի կրճատումը։ Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում արդյունքներն առայժմ առարկայական չեն։ Արձանագրված 6,2 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում աշխատանքից ստացված հասարակության եկամուտները չնչին փոփոխության են ենթարկվել։ Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի դրանք չափազանց դանդաղ են ավելանում։ Պաշտոնական տվյալներով այս տարվա ութ ամիսներին միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 2,7 տոկոսով։ Դա արտահայտվել է բացառապես մասնավոր հատվածում, որտեղ աշխատավարձի աճը եղել է 3,7 տոկոս՝ հասնելով 227 հազար դրամի։

Արձանագրված աճը համարժեք է 8 հազար դրամի, ինչը դժվար է մեծ փոփոխություն համարել։ Մանավանդ դա տեղի է ունեցել սահմանափակ ոլորտների հաշվին, որոնք և զգալի ազդեցություն են ունեցել նաև տնտեսական աճի միտումների վրա։ Ավելին՝ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի աճի տեմպը նույնիսկ զիջել է նախորդ տարվա ցուցանիշին։ Չնայած տնտեսական ոչ այնքան նպաստավոր իրավիճակին՝ այնուհանդերձ 2016թ. նույն ժամանակահատվածում մասնավոր հատվածում միջին աշխատավարձն ավելացել էր 5,2 տոկոսով։

Փաստ է, որ նման աննշան փոփոխությունները չեն կարող նկատելի ազդեցություն ունենալ հասարակության սոցիալական վիճակի վրա։ Առավել ևս որ դա տեղի է ունենում գների բարձրացման պայմաններում։ Առաջին հայացքից Հայաստանը գտնվում է գնաճային ցածր միջավայրում։ Սպառողական գների ինդեքսի աճը հազիվ 1 տոկոսի սահմաններում է։ Սակայն հասկանալի է, որ դա չէ այն իրական գնաճը, որը հասարակության մեծ մասը զգում է սեփական մաշկի վրա»։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Tes.com-ի

13:15 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները