ԱՎԵԼԻՆ

Արցախ

«Խոստման դիմաց տարածք չեն զիջում». Դավիթ Բաբայան
13:35 20.09.2017

«Խոստման դիմաց տարածք չեն զիջում». Դավիթ Բաբայան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի բացմանը, անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը՝ խոսել էր Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին՝ նշելով.«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»:

Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետը ստանալու նպատակով «Ժողովուրդը» օրաթերթը զրուցել է Արցախի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

– Իսկ ո՞ր տարածքների մասին է խոսքը, որ պատրաստվում ենք հանձնել։

– Երբ խոսում ենք տարածքների մասին, նախևառաջ հանրությունը պետք է իմանա, թե ինչ ունի։ Սա շատ կարևոր է։ Նորից վերադառնանք բազմաթիվ անգամ քննարկված հարցերին՝ ասենք Քարվաճառի շրջանին։ Այդտեղ սկիզբ են առնում ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը, իսկ նա Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է կազմում։ Եթե Արփան և Որոտանը թունավորեն, Սևանը թունավորեն, Հայաստանը կապույտ ցեղասպանության առջև կկանգնի։

Աստված մի արասցե, եթե Ադրբեջանը վերցնի այդ տարածքները, մեզ թունավորելու է ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ, խորհրդային տարիներին և հիմա էլ հայտարարում է, որ հայերն այնտեղ թաղում են Մեծամորի ատոմակայանի թափոնները։ Սա ոչ թե ամբիցիաների, այլ զուտ անվտանգության խնդիր է։

– Զիջման ի՞նչ շեմի մասին է խոսքը, պարոն Բաբայան։

– Պետք է հստակ պատկերացնել մեկ բան. չի կարող լինել զիջում։ Այդ բառն ուղղակի անթույլատրելի է։ Եթե մենք խոսում ենք այնպիսի հարցերի մասին, ինչպիսին է սահմանների հստակեցումը, կոռեկցիան, որովհետև դրանից մենք չենք կարող խուսափել, Ադրբեջանը անընդհատ դա է պնդում։ Իհարկե սա չի նշանակում, որ Ադրբեջանի ասածը մեզ համար ընդունելի է։ Եթե խոսում ենք սահմանների մասին, դա միայն այն չէ, որ Ադրբեջանը պահանջում է ներկայիս Արցախյան Հանրապետությունից, դա նաև Հյուսիսային Արցախի խնդիրն է, Շահումյանի խնդիրն է, Մարտունու և Մարտակերտի հատվածներն են, այսինքն՝ սա շատ բարդ հարց է, ընդհանուր առմամբ՝ 20-ից 25 ք/կմ տարածքների մասին։

Եթե նրանք ուզում են այս ձևով, ապա որևէ կերպ չի կարող խախտվել մեր անվտանգությունը։ Եվ քանի որ Ադրբեջանը մեզանից պարզապես պահանջում է միակողմանի զիջումներ, խոսել այս հարցի մասին, որ արդեն ինչ-որ բան պայմանավորված է, անիմաստ է։ Ադրբեջանն ուզում է, որ մենք տարածք զիջենք խոստման դիմաց։ Խոստման դիմաց տարածք չեն զիջում։ Խոստման դիմաց խոստում են տալիս, այսինքն՝ քայլերը պետք է համարժեք լինեն։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

13:35 20.09.2017