ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերակառուցվել է Կապանի արվեստի մանկական դպրոցի շենքը
16:35 20.09.2017

Վերակառուցվել է Կապանի արվեստի մանկական դպրոցի շենքը

Կապանի քաղաքապետարանի քառամյա ծրագրի շրջանակներում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով Կապանի արվեստի մանկական դպրոցի շենքը 35 տարի անց վերակառուցվել է: Դեռևս խորհրդային տարիներին կառուցված դպրոցի շենքը գտնվում էր բավականին անմխիթար վիճակում, սակայն այժմ շենքը ստացել է ամբողջովին նոր տեսք՝ հիմքից վերակառուցվել են պատերը, տեղադրվել են գազատար խողովակներ, փոխվել են սանհանգույցները, պատուհանները, տանիքը, հատակը:

Կապանի արվեստի մանկական դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանի խոսքով՝ շենքի վերակառուցումից հետո դպրոցի սաները ավելի մեծ ոգևորությամբ են հաճախում պարապմունքներին, քանի որ այժմ պայմանները հարմար ու բավարար են: Ըստ տնօրենի հաղորդած տվյալների՝ նախորդ տարվա համեմատ երեխաների թիվն ավելացել է. այս պահին դպրոց է հաճախում 180 սան:

Դպրոցը ստացել է նաև նոր գույք՝ սեղաններ, նստարաններ, գրապահարաններ, կախիչներ գրատախտակներ և այլն:

Վերակառուցման աշխատանքերի համար հատկացվել էր 82 մլն դրամ: Շուրջ մեկ տարի տևած վերանորոգման աշխատանքների ընթացքում դպրոցի սաները պարապմունքներն անցկացնում էին Կապանի արվեստի պետական քոլեջում: Վերակառուցման աշխատանքներն իրականացրել է Կապանի «Նորոգշին» ընկերությունը:

Դպրոցում գործում են մի շարք բաժիններ՝ թատերարվեստ, պարարվեստ, կերպարվեստ, մանկական ձայնի պահպանում, դաշնամուր, ջութակ, շվի, քանոն, դհոլ:

Չնայած շենքը վերակառուցվել է, սակայն դպրոցը չունի համապատասխան երաժշտական գործիքներ՝ջութակ, կլառնետ, ֆլեյտա և այլն: Ուսուցիչներն իրենք են բերում իրենց գործիքները պարապելու համար:

Ավելացնենք, որ Կապանի արվեստի մանկական դպրոցի շենքի վերակառուցման հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին:

Սոնա Առաքելյան

Zangezur.tv

16:35 20.09.2017