ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից
17:15 20.09.2017

Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից

Մենք ապրում ենք չլսված հնարավորությունների ժամանակներում, այսպես սկսեց իր ծրագրային ելույթը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, գրում է Ամերիկայի ձայնը, փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: 

«Գիտության, տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում բեկումները թույլ են տալիս բուժել հիվանդություններ և կարգավորել խնդիրներ, որոնք նախկին սերունդների համար անլուծելի էին թվում»,- ասել է Թրամփը:

Սակայն նույն հնարավորությունները ստեղծում են նաև նոր վտանգներ: Վտանգներ, որոնց դեմ պայքարում իրական առաջնորդը պետք է միշտ հիշի սեփական ժողովրդի շահերը: Հենց սա է «Ամերիկան՝ առաջին տեղում» գաղափարը, նշում է Թրամփը:

«Որպես ԱՄՆ-ի նախագահ՝ ինձ համար Ամերիկան միշտ առաջնահերթություն է լինելու, ինչպես ձեր երկրների շահերը պետք է միշտ առաջնահերթություն լինեն ձեզ համար»:

Հենց սեփական ժողովրդի շահերից ելնելով՝ պատասխանատու առաջնորդը պետք է նաև ճանապարհներ կառուցի մյուս պետությունների հետ դաշինքներ կնքելու և ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարելու համար, նշում է Դոնալդ Թրամփը: Համագործակցություն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա:

«Մենք չենք ակնկալում, որ տարբեր երկրներ պիտի ունենան նույն մշակույթը, ավանդույթները կամ նույնիսկ՝ նույն կառավարման համակարգը, սակայն մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները պիտի հարգեն սեփական ժողովրդի շահերը և մյուս պետությունների ինքնիշխանության իրավունքը»:

Հարգանք սեփական քաղաքացիների իրավունքների և մյուս պետությունների ինքնիշխանության նկատմամբ՝ հենց սա է համագործակցության գրավականը.

«Մենք չենք պատրաստվում պարտադրել մեր կենսակերպը որևէ մեկի: Փոխարենը պատրաստ ենք օրինակ ծառայել բոլորի համար»:

Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները չի հանդուրժի սպառնալիքներ այլ երկրների կողմից, լինի դա Հյուսիսային Կորեան, թե Իրանը.

«Աշխարհում ոչ մի երկիր չի ցանկանում տեսնել ավազակների այս խումբը՝ միջուկային զենքով զինված: ԱՄՆ-ը հսկայական ուժ և համբերություն ունի, սակայն եթե ստիպված լինենք պաշտպանվել կամ պաշտպանել դաշնակիցներին, մենք այլընտրանք չենք ունենա և ստիպված կլինենք ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»:

Կիմ Չեն Ընը, ում Թրամփը բնորոշել է որպես «հրթիռներով մարդ», բռնել է ինքնասպանության ուղին և իր հետ է տանում սեփական երկիրը: Ընդհանրապես, համոզված է ԱՄՆ-ի նախագահը, ճնշող վարչակարգերը չեն կարող ընդմիշտ գոյատևել.

«Գալիս է մի օր, երբ այնտեղ ապրող մարդիկ երկընտրանքի առջև են կանգնում՝ շարունակել աղքատության, արյունահեղության և ահաբեկման ուղին, թե վերադառնալ ժողովրդի հպարտ արմատներին, ինչպիսիք ունեն Իրանի քաղաքացիները, և միանալ քաղաքակրթության, մշակույթի և հարստության կենտրոնին»:

Նախագահ Թրամփն անդրադարձել է նաև անկառավարելի միգրացիային, որը, նրա խոսքով, վնասում է ինչպես այն երկրին, որտեղից նրանք արտագաղթում են, այնպես էլ ընդունող երկրին.

«Արտագաղթելով մարդիկ նվազեցնում են տվյալ երկրի ներսում ճնշումն իշխանությունների վրա, հենց այն ճնշումը, որն անհրաժեշտ է կարևոր քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար»:

Նախագահ Թրամփն այս կապակցությամբ հիշեցնում է՝ մարդկանց իրավունքների, արժանապատվության և բարգավաճման ապահովման պարտականությունը լավագույնս կատարում է ամուր ինքնիշխան պետությունը:

Լուսանկարը՝ NBCNews.com-ի

17:15 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները