ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Մոսկվան հարվածեց ռուս-ադրբեջանական հարաբերություններին». Ադրբեջանի ԱԳՆ
19:15 20.09.2017

«Մոսկվան հարվածեց ռուս-ադրբեջանական հարաբերություններին». Ադրբեջանի ԱԳՆ

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» ՀԿ-ի լիկվիդացիայի մասին Ռուսաստանի Բարձրագույն դատարանի որոշումը լրջագույն հարված էր ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների զարգացմանը, հայտարարել է Ադրբեջանի Արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: 

Հաջիևը միաժամանակ նշել է, թե բարդ է հասկանալ նման որոշման պատճառը: 

«Ճիշտ այն ժամանակ, երբ անարդար որոշում է կայացվում Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի նկատմամբ, Ռուսաստանի հայերի միությունն այնտեղ լիովին աջակցություն է ստանում և շարունակում է գործունեությունը: Մենք զարմացած ենք, և ափսոսում ենք Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գործունեությունը դադարեցնող որոշման համար»,- ասել է Հաջիևը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ադրբեջանական ՀԿ-ի լիկվիդացիայի մասին որոշումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ բախվել են մի քանի օբյեկտիվ խոչընդոտների, որոնք խանգարել են իրենց կատարել ՌԴ Արդարադատության նախարարության պահանջները, իսկ կառույցի կանոնակարգում ցուցված սխալներն անուղղելի չեն: 

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ կառույցի կազմակերպությունը թույլ է տվել կոպիտ բացթողումներ, որոնցից մի քանիսն անուղղելի են և պարբերական բնույթ են կրել: 

Ռուսաստանում ադրբեջանական ամենամեծ կառույցը՝ «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը դիմել էր վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Բարձրագույն դատարանի՝ կազմակերպությունը փակելու մասին մայիսի 15-ի որոշումը:  

Ադրբեջանական կազմակերպության գործունեությունը կասեցվել է Արդարադատության նախարարության դատական հայցից հետո: Պատճառը կազմակերպության կանոնադրության անհամապատասխանությունն է ՌԴ օրենսդրությանը, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել արտասահմանից: Իսկ այս կազմակերպությունն ամեն ամիս ֆինանսական աջակցություն էր ստանում Բաքվից՝ իշխանամետ շրջանակներից:

Լուսանկարը՝ PravdoRYB.info-ի

19:15 20.09.2017

Ամենաշատ ընթերցվածները