ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Մեկ տարի է՝ չենք կարողանում եկեղեցի մտնել». Փայլանը՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու մասին
20:15 20.09.2017

«Մեկ տարի է՝ չենք կարողանում եկեղեցի մտնել». Փայլանը՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու մասին

«Մեր եկեղեցի մեկ տարի է ո՛չ ես, ո՛չ դիարբեքիրցի հայերը չենք կարողանում մտնել: Մեր եկեղեցին ո՞վ է ավերում»,- այսպես Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ներկայիս վիճակին ու եկեղեցու կողոպուտն ու պարբերական ավերումը հաստատող նոր լուսանկարներին: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրում դեռևս գործում է պարետային ժամը, և Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքի խոսքով՝ իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ստանում եկեղեցի մտնելու համար: Օգտվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, գողերը մտնում են այնտեղ, և ամեն օր եկեղեցուց նոր իրեր են պակասում: 

Ալյըքը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, որն արդեն իսկ լրջորեն վնասվել է 2015թ. նոյեմբերից 2016թ. մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետևանքով ու նորոգման կարիք ունի: 

Ավելի վաղ Դիարբեքիրի հայկական համայնքի ներկայացուցիչները թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ ռազմական գործողությունների ավարտից ու զինվորականների՝ տարածքից հեռանալուց հետո շատ բան է գողացվել եկեղեցուց՝ անգամ էլեկտրահաղորդման գծերը:

«Եկեղեցին դեռ արգելված գոտում է: Մենք այնտեղ գնալու համար 10 տեղից ստորագրություն ու անվտանգության երաշխիք ենք տանում, բայց գողերը հեշտ ու հանգիստ մտնում են տարածք»,- ասել էին դիարբեքիրցիները:

Օրաթերթը հիշեցնում է, որ Մերձավոր Արևելքում ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Կիրակոսը 31 տարվա դադարից հետո վերաբացվել էր 2011թ. հոկտեմբերի 22-ին, առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին էր տեղի ունեցել: Նորոգվել էր Դիարբեքիրի հայերի և Դիարբեքիրի այն ժամանակ քուրդ քաղաքապետի աջակցությամբ, որն այժմ հեռացվել է պաշտոնից. նրա փոխարեն ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է թուրք քաղաքապետ:

Լուսանկարը՝ Armenpress.am-ի

20:15 20.09.2017