ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Քաշաթաղում հարյուրավոր նոր բնակարններ կկառուցվեն
16:35 19.10.2017

Քաշաթաղում հարյուրավոր նոր բնակարններ կկառուցվեն

Արցախի Կառավարությունը մտադիր է ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը Քաշաթաղի շրջանում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որը հնարավոր է վերակառուցել: Նա նշել է նաև, որ հայրենադարձության խթանման համար շրջանի տարբեր համայնքներում ծրագրվում է հարյուրավոր նոր բնակարաններ կառուցել:

Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ և Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսական և շրջանի զարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ:

Հարությունյանը նշել է, որ, հաշվի առնելով շրջանում առկա գյուղատնտեսական մեծ ներուժը, անելիքները շատ են:

Քաշաթաղի շրջանը շարունակում է Հանրապետությունում պահպանել գյուղատնտեսության համախառն բերքի արտադրության առումով առաջատարի դիրքը: Ցանված 20,207 հեկտարից հնձվել է 20,052 հեկտարը, որից ստացված համախառն բերքը կազմել է 55,817 տոննա:

«Քաշաթաղի շրջանում պետական միջոցներով շուտով 2 փորձնական ծրագիր կսկսենք: Առաջինը հարավային և հյուսիսային թևերում կաթի մթերման ժամանակակից կետերի բացումն է, որոնք լրացուցիչ կնպաստեն շրջանում անասնապահության զարգացմանը: Երկրորդը՝ հատկապես հյուսիսային թևում, որտեղ առկա է տարբեր տեսակի պտուղների իրացման խնդիրը, կտրամադրվեն չրերի պատրաստման սարքավորումներ: Այնուհետև պատրաստված ողջ ապրանքատեսականին պետական աջակցությամբ կգնվի»,- ասել է Պետնախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև սառնարանային ժամանակակից տնտեսությունների ստեղծում, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան պահել իրենց բերքը և ձմեռային սեզոնին ավելի թանկ գնով շուկա հանել:

Արցախի Կառավարության մամուլի ծառայություն

16:35 19.10.2017

Ամենաշատ ընթերցվածները