ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկքաղաքացիություն ստանալ
17:35 11.11.2017

Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկքաղաքացիություն ստանալ

Վրաստանի՝ հոկտեմբերին ընդունած նոր սահմանադրությամբ առավել ազատական մոտեցում է ցուցաբերվում քաղաքացիության հարցում: Նախկին մոտեցումները փոխվել են: Այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ինչպես հայտնում է apsny.ge-ն՝ նրա խոսքով նոր սահմանադրությամբ այլևս նախատեսված չէ Վրաստանի քաղաքացիության ավտոմատ դադարեցում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում:

«Այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիութունն ավտոմատ չի կորում, ինչպես սահմանված էր Սահմանադրության նախորդ տարբերակում»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն:

Օրաթերթը հիշեցնում է, որ նախորդ Սահմանադրության հիման վրա 2015 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Ուկրաինայի քաղաքացիութուն էր ստացել: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2012թ. ստիպված էր հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիութունից, որպեսզի Վրաստանի քաղաքացի դառնա:

Բացի այդ, Վրաստանի հայ համայնքի բազմանթիվ ներկայացուցիչներ ևս զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու կարիքից դրդված ձեռք էին բերել ՀՀ քաղաքացիություն: 

Վրաստանի նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2018թ. վերջին՝ նախագահական ընտրություններից հետո:

17:35 11.11.2017