ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պետնախարարը ծանոթացել է Քաշաթաղում բնակարանաշինական ծրագրերի աշխատանքներին
13:55 13.11.2017

Պետնախարարը ծանոթացել է Քաշաթաղում բնակարանաշինական ծրագրերի աշխատանքներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային շրջայց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թևի մի շարք բնակավայրերում՝ մասնակցելով դպրոցական շենքի բացման արարողության, ինչպես նաև ծանոթանալով բնակարանաշինական աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ժամանակ» օրաթերթից:

Ա. Հարությունյանը նախ Մուշ համայնքում մասնակցել է նորակառույց դպրոցական շենքի բացման արարողությանը, որտեղ սովորում են նաև հարևան Ալաշկերտ համայնքի երեխաները: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցում, որը կրում է Ապրիլյան պատերազմում նահատակված «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը, սովորում է շուրջ 50 աշակերտ:

Ա. Հարությունյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել բարերարներին և «Հայրենասեր» կազմակերպությանը ծրագրի իրականացման համար՝ կարևորելով բարեգործական նման նախաձեռնությունների դերն Արցախի զարգացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում:

«Կարծում եմ՝ պատահական չէ, որ դպրոցն այսուհետ կրելու է մերօրյա հերոսներից Արմենակ Ուրֆանյանի անունը: Այն յուրօրինակ ուղերձ է առաջին հերթին դպրոցի ուսուցչական կազմին և ընդհանրապես բոլոր մեր հայրենակիցներին, որ մեր հերոսների հիշատակը պետք է հարգենք առաջին հերթին նրանց օրինակով մեր երեխաներին դաստիարակելով»,- ասել է Պետնախարարը:

Ա. Հարությունյանն այնուհետև մեկնել է Միջնավան քաղաք և տեղում ծանոթացել պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով հայրենադարձ ընտանիքների համար կառուցվող բազմաբնակարան շենքի շինաշխատանքներին, ինչպես նաև արդեն շահագործման փուլում գտնվող բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի ու դպրոցի մարզադահլիճի պայմաններին: Ա. Հարությունյանը Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի և Միջնավանի քաղաքապետի հետ նաև քննարկել է քաղաքի առկա բնակֆոնդի վերակառուցման մի շարք ծրագրեր:

Պետնախարարն Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կրկին պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերջերս շահագործման հանձնված 11 առանձնատների կողքին կառուցվող 15 բնակարանների շինարարության ընթացքին, որոնց շահագործումից հետո նախատեսվում է կառուցել ևս մի քանի տասնյակ նոր առանձնատուն: Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին 10 տարիներին շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության արդյունքում լավ հիմք է ստեղծվել հայրենադարձության լայնածավալ ծրագիր իրականացնելու համար, քանի որ բնակչության կենսապահովման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այցի ընթացքում Ա. Հարությունյանը ներկա է գտնվել Իշխանաձորի դպրոցում գործող Բերձորի արվեստի դպրոցի մասնաճյուղի սաների մասնակցությամբ կայացած մշակութային միջոցառմանը, ծանոթացել է «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով համայնքում կառուցված արհեստական խոտածածկով նոր մարզադաշտի պայմաններին և մասնակցել է նորակառույց թաղամասում իրականացված ծառատունկին:

Լուսանկարը՝ Armtimes.com-ից

13:55 13.11.2017

Ամենաշատ ընթերցվածները