ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Փափուկ» շինշիլաբուծական տոհմային տնտեսություն
16:15 13.11.2017

«Փափուկ» շինշիլաբուծական տոհմային տնտեսություն

Սյունիքի մարզկենտրոնում զարկ է տրվել գյուղատնտեսության նոր ճյուղի՝ շինշիլաբուծության զարգացմանը: «Փափուկ» շինշիլաբուծական տոհմային տնտեսությունը 2015թ. հիմնադրել են Մհեր Միրզոյանը, Քրիստափոր Արթինը և Արման Քարամյանը: Ընկերությունը զբաղվում է փափկամորթ կենդանու բուծմամբ և քայլեր է ձեռնարկում  Հայաստանում ոլորտի  տարածման և զարգացման ուղղությամբ:

Մհեր Միրզոյանը նշում է՝ ոլորտը Հայաստանում կայանալու մեծ հնարավորություններ ունի, ուստի ժամանակն է սկսել ավելի արհեստավարժ ձևով մոտենալ այս գործին: Նրա խոսքով շնորհիվ իր բարձր եկամտաբերության, սակավ ծախսատարության և ցածր ռիսկայնության շինշիլաբուծությունը համարվում է էկզոտիկ կենդանաբուծության առաջատար ճյուղերից մեկը:

Ընկերության բաժնետեր Արման Քարամյանը նշում է, որ մաքրակենցաղ այս կենդանիներին շատ բան հարկավոր չէ բազմանալու համար. անհրաժեշտ է ունենալ առանձնացված ոչ մեծ տարածք, համապատասխան վանդակներ՝ համալրված կերամանով, ջրամանով և լոգախցիկով։ Ըստ Արմանի՝ ջերմային ռեժիմը, հիգիենայի կանոնները պահպանելու և ճիշտ կերակրելու դեպքում այս կենդանիները խնդիրներ չեն ստեղծում և առանձնապես շատ ժամանակ ու մեծ խնամք չեն պահանջում:

Քրիստափոր Արթինի տեղեկացմամբ էլ ներկա պահին ֆերմայում կա 500 կենդանի: Նախատեսվում է այս ամիս Եվրոպայից, մասնավորապես Լեհաստանից ներմուծել 1,500 շինշիլա: Նրա խոսքով ընկերությունն ունի 30 գործընկեր, որոնց հետ համագործակցում է և կատարում շինշիլաների իրացում: Ոլորտի զարգացման հեռանկարում է բուծումից մորթու վերամշակմանն անցնելը:

Տեղեկացնենք, որ նախատեսվում է Կապանում ստեղծել մորթու մշակման արտադրամաս, որտեղ եվրոպական չափանիշներին համապատասխան կկարվեն  մուշտակներ, ձեռնոցներ, գլխարկներ:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

16:15 13.11.2017

Ամենաշատ ընթերցվածները