ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

2018-ի պետբյուջեի նախագծով Արցախում 8% տնտեսական աճ է նախատեսվում
21:15 15.11.2017

2018-ի պետբյուջեի նախագծով Արցախում 8% տնտեսական աճ է նախատեսվում

2018թ. պետբյուջեի նախագծով Արցախում 8% տնտեսական աճ է նախատեսվում: Այդ մասին հայտնել է Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ներկայացնելով 2018թ. ֆինանսական գլխավոր փաստաթուղթը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում նոյեմբերի 15-ին մեկնարկել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ:

Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ 2018թ. սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային շեշտադրումները, որոնք բխում են Արցախի Հանրապետության նախագահի 2017-2020թթ. ծրագրի դրույթներից, նպատակադրված են լինելու միջնաժամկետում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը:

Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ նախատեսվում է ապահովել 8% տնտեսական աճ, կայուն գների մակարդակ, իսկ գալիք տարվա պետական բյուջեում սոցիական ծրագրերին զուգահեռ հատուկ կարևորություն է տրվելու վերաբնակեցման նպատակով բնակարանաշինությանը, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Այսպիսով՝ Արցախի Հանրապետության 2018թ. համախմբված պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով 97 մլրդ 104 մլն դրամ, ծախսերի գծով՝ 101 մլրդ 404 մլն դրամ, դեֆիցիտը՝ 4 մլրդ 299 մլն դրամ:

Պետական նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վերաբերյալ և պատգամավորների հնչեցրած հարցերին՝ նշելով, որ գործադիրի համար առաջնային է երկարաժամկետ տնտեսական կայուն աճի հիմքերի ստեղծումը: Պետնախարարն ընդգծել է, որ գալիք տարում ամենաբարձր տեսակարար կշիռը նախատեսվում է ունենալ գյուղատնտեսության, էներգետիկայի և վերամշակման ոլորտներում:

Նոյեմբերի 20-ից պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն մշտական հանձնաժողովներում:

21:15 15.11.2017

Ամենաշատ ընթերցվածները