ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախի 2018-ի բյուջեն կկազմի շուրջ 200 մլրդ դրամ
13:35 16.11.2017

Արցախի 2018-ի բյուջեն կկազմի շուրջ 200 մլրդ դրամ

Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հայտնել են Արցախի ԱԺ-ից, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթն ու նշել, որ 2018թ. սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային շեշտադրումները, որոնք բխում են Արցախի Հանրապետության Նախագահի 2017-2020թթ. ծրագրի դրույթներից, նպատակադրված են լինելու միջնաժամկետում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, պետականաշինությունը և պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը:

Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ նախատեսվում է ապահովել 8% տնտեսական աճ, կայուն գների մակարդակ, իսկ գալիք տարվա պետական բյուջեում, սոցիական ծրագրերին զուգահեռ, հատուկ կարևորություն է տրվելու վերաբնակեցման նպատակով  բնակարանաշինությանը:

Այսպիսով՝ Արցախի Հանրապետության 2018թ. համախմբված պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 97 մլրդ 104 մլն դրամ, ծախսերի գծով՝ 101 մլրդ 404 մլն դրամ, դեֆիցիտը՝ 4 մլրդ 299 մլն դրամ:

Պետական նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վերաբերյալ և պատգամավորների հնչեցրած հարցերին՝ նշելով, որ գործադիրի համար առաջնային է երկարաժամկետ տնտեսական կայուն աճի հիմքերի ստեղծումը: Պետնախարարն ընդգծել է, որ գալիք տարում ամենաբարձր տեսակարար կշիռը նախատեսվում է ունենալ գյուղատնտեսության, էներգետիկայի և վերամշակման ոլորտներում:

Նոյեմբերի 20-ից պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն մշտական հանձնաժողովներում:

Լուսանկարը՝ Gov.nkr.am-ի

13:35 16.11.2017