ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզն արդեն պատրաստ է ձմռան մարտահրավերներին
18:35 21.11.2017

Սյունիքի մարզն արդեն պատրաստ է ձմռան մարտահրավերներին

Նոյեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով մեկնարկել են ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքները: Սյունիքի մարզում ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու, անվտանգ տարածք տեղափոխելու, վարորդներին և ուղևորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել են առաջնային օգնության հենակետերի տեղադրումներ:

Սյունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Վրույր Բալայանը նշում է, որ ավելի հաճախ  մեքենաների արգելափակումներ, ձնաբուք, մերկասառույց առաջանում են Սիսիան–Գորիս ավտոճանապարհին: Նրա խոսքով շուրջօրյա հենակետերը կծավալվեն Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորիս համայնքն ընկած ճանապարհահատվածը, իսկ 10 հոգու համար նախատեսված ճանապարհային տնակներ կտեղադրվեն Գորիս– Սիսիան ճանապարհահատվածի 17-րդ կիլոմետրում և Շուռնուխ համայնքում:

Վրույր Բալայանը տեղեկացրեց, որ վարորդների և ուղևորների անվտանգ երթևեկության համար համապատասխան ճանապահաշինական ընկերությունները կիրականացնեն ձյան մաքրման, մերկասառույցի հեռացման աշխատանքներ:

Դժբախտ պատահարներից և ավտովթարներից խուսափելու համար Փրկարարական վարչության պատասխանատուները կոչ են անում լինել զգոն, օգտագործել ձմեռային անվադողեր և պահպանել երթևեկության կանոնները:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

18:35 21.11.2017