ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ատոմ Էգոյանը կպարգեւատրվի Հնդկաստանի միջազգային կինոփառատոնի մրցանակով
15:55 22.11.2017

Ատոմ Էգոյանը կպարգեւատրվի Հնդկաստանի միջազգային կինոփառատոնի մրցանակով

Կանադահայ հանրահայտ ռեժիսոր Ատոմ Էգոյանը նոյեմբերի 20-ին մեկնարկած «Հնդկաստանի միջազգային կինոփառատոն 2017»-ի (IFFI) ընթացքում կպարգևատրվի Lifetime Achievement մրցանակով, գրում է uniindia.com-ը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Տեղեկությունը տարածել է Հնդկաստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Սմրիթի Իրանին թվիթերյան իր միկրոբլոգում և հավելել, որ կինոփառատոնին կցուցադրվեն ռեժիսորի էկրանավորած երեք՝ «Քաղցր ապագան», «Էկզոտիկա» և «Հիշել» ֆիլմերը: 

Հնդկական կայքի անդրադարձում նաև նշված է՝ աշխարհահռչակ ռեժիսոր, գրող և պրոդյուսեր Ատոմ Էգոյանը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային կինոյի զարգացման գործում: Նրա ֆիլմերում համադրվում են բուռն էմոցիաներն ու տեխնոլոգիական ինքնատիպ լուծումները: 

Եգիպտահայ ընտանիքում ծնված Ատոմ Էգոյանը Տորոնտոյի համալսարանում հայոց պատմություն է սովորել: Այդ տարիներին նա բացահայտել է իր ազգային մշակույթի և պատմական անցյալի մանրամասները: Մեծ հետքրքրությամբ ուսումնասիրել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում 1.5 մլն հայ է սպանվել Թուրքիայում:

Նա իր գործունեության հիմնական մոտիվացիան ֆիլմարտադրության մեջ համարում է մոռացված պատմության վերհանումը: 

Էգոյանը էկրանավորել է 15 լիամետրաժ ֆիլմ, ստեղծել մի քանի հեռուստատեսային նախագծեր և կարճամետրաժ ֆիլմեր: Ռեժիսորի «Արարատ» ֆիլմը նրա առաջին գործն է Հայոց ցեղասպանության մասին, որը բարձր գնահատականի և բազմաթիվ մրցանակների է արժանացել:

Լուսանկարը՝ TheStar.com-ի

15:55 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները