ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Զվեզդա»-ն ներողություն է խնդրում «թույլ տված սխալի համար»
18:55 22.11.2017

«Զվեզդա»-ն ներողություն է խնդրում «թույլ տված սխալի համար»

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից «Ազատություն» ռադիոկայանին են տրամադրել դեսպան Վարդան Տողանյանին «Զվեզդա» հեռուստաընկերության հղած պաշտոնական նամակի լուսապատճենը:

Նամակում մասնավորապես ասված է․«Կիրակի օրը՝ 2017 թվականի նոյեմբերի 19-ին, «Զվեզդա» ազգային հեռուստաալիքի «Կանխատեսումներ» ծրագրի թողարկման ժամանակ ծրագիրը վարող Վերոնիկա Կրեշենիննիկովան թույլ է տվել ոչ կոռեկտ ձևակերպումներ և գնահատականներ՝ կապված Հայաստանի Հանրապետության հետ (Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը նվիրված բլոկում): Ներողություն ենք խնդրում թույլ տված սխալի համար»:

«Կցանկանայինք ընդգծել, որ ծայրաստիճան գնահատում ենք մեր երկրների ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարի հարաբերությունները: Այն բարձր վստահությունը և փոխըմբռնումը, որ ձևավորվել է մեր երկրների ղեկավարության մակարդակով, համոզմունք է ներշնչում, որ մեր ժողովուրդները հետագայում ևս կգնան ձեռք ձեռքի տված: Պատրաստակամություն ենք հայտնում նպաստել երկու երկրների և ժողովուրդների համագործակցության ամրապնդմանը մշակութային, տնտեսական, քաղաքական և ռազմական բնագավառներում»,- ասված է հեռուստաընկերության նամակում:

Ռադիոկայանը հիշեցնում է, որ ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության եթեր հեռարձակած հաղորդման վարողը Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդանիշը համեմատում էր Երրորդ ռեյխի զինանշանի, Գարեգին Նժդեհին՝ ուկրաինացի Բանդերայի հետ, և պնդում, թե «Հայաստանի իշխող ուժը հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»:

18:55 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները