ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Արցախի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը». Էրդողան
19:35 22.11.2017

«Արցախի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը». Էրդողան

Արցախի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում խոսքերը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Այդընլըք» պարբերականը՝ Էրդողանի խոսքով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծելու ունակ միակ ուժը Ռուսաստանն է: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ առիթի դեպքում Սոչիում կայանալիք գագաթաժողովին կբարձրացնի նաև արցախյան հիմնախնդրի հարցը:

Հատկանշական է, որ ըստ մամուլի հաղորումների՝ նոյեմբերի 13-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը քննարկել էր արցախյան հարցը, սակայն հուսադրող պատասխան չէր ստացել:

Թեպետ Սոչիում հանդիպման արդյունքում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ երկու պետությունների ղեկավարները հրապարակայնորեն չանդրադարձան արցախյան հիմնախնդրին, սակայն որոշ ժամանակ անց Էրդողանը որոշակի մանրամասներ ներկայացրեց Պուտինի հետ խոսակցությունից:

«Ես նրան ասացի, որ լավ կլինի, որպեսզի Ռուսաստանն առավել ակտիվ դիրք գրավի այս հակամարտության լուծման հարցում, հարգելի Պուտինը նույնպես այդ կարծիքին է, սակայն երկու կողմերի որդեգրած դիրքորոշման հետևանքով առանձնակի հույսեր չունի»,- ասել էր Էրդողանը:

Ավելի վաղ Էրդողանը քանիցս հայտարարել է, որ Արցախի հիմնախնդիրը Թուրքիայի խնդիրն է և նույնչափ կարևոր է Անկարայի համար:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

19:35 22.11.2017