ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի հյուրերն Արցախից էին
22:15 22.11.2017

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի հյուրերն Արցախից էին

Այսօր Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրերն Արցախի Հանրապետությունից էին:

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասանները Կապանի մանուկներին ներկայացան Լիլիթ Մկրտչյանի «Անուշահոտություն և գարշահոտություն» պատմվածքի հիման վրա ստեղծված «Մեր տունը» բեմադրությամբ: Ներկայացման մեջ արծարծվում է շրջակա միջավայրի աղտոտվածության, պահպանման և բարելավման, մարդկության արդի հիմնախնդիրները:

Տնօրեն Աշխեն Հարությունյանի տեղեկացմամբ՝ թատրոնը ՀՀ-ում հաճախակի է մասնակցում փառատոների, իսկ Կապանում երկրորդ անգամ է այցելում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությամբ: Ներկայացումը պատահական չեն ընտրել.

Աշխեն Հարությունյանը նշեց` գաղտնիք չէ, որ Ժամանակակից աշխարհին սպառնացող վտանգներից է շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Ըստ նրա՝ բեմադրության միջոցով փորձեցին երեխաների մեջ սերմանել շրջակա միջավայրը մաքուր պահելու մշակույթ:

Դերասանները ներկայացման միջոցով փորձել են ցույց տալ, թե ինչի կարող է հանգեցնել մեր միջավայրի նկատմամբ մարդկային անտարբերությունը:

Դերասանուհի Սվետա Առստամյանի խոսքով ներկայացումն ուսուցողական է, ընդ որում՝ երեխաների շրջանում շրջակա միջավայրի պահպանում և բարելավում ուսուցանելու արդյունավետ միջոց է: Ըստ նրա՝ նման թատերական հյուրախաղերն ավելի են ամրապնդում Արցախի և Հայաստանի հանրապետությունների միջև մշակութային կապը:

Տեղեկացնենք, որ թատրոնը նոյեմբերի 23-ին ներկայացումներով հանդես կգա նաև Գորիսում և Սիսիանում:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

22:15 22.11.2017

Ամենաշատ ընթերցվածները