ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չեմպիոնների Լիգայի նոյեմբերի 22-ի արդյունքները
17:55 23.11.2017

Չեմպիոնների Լիգայի նոյեմբերի 22-ի արդյունքները

«Մանչեստեր Յունայթեդ»-ը 3 միավոր կորցրեց Չեմպիոնների լիգայի (ՉԼ) 2017-18 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի «Բազելի» դեմ խաղում: Երեկ՝ նոյեմբերի 22-ին, «մանկունյանցիները» մրցակցի հարկի տակ պարտվեցին 0:1 հաշվով: Գոլային պահերով առատ խաղի միակ գնդակը խփվեց երկրորդ կեսի վերջում: «Բազել»-ից 89-րդ րոպեին աչքի ընկավ Մայքլ Լենգը:

Ինչպես Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Նյուքասլ»-ի դեմ խաղում, որում ՄՅՈՒ-ն հաղթեց (4:1), այս անգամ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հայտավորված չէր: Նրա ելույթներից դժգոհ են ինչպես երկրպագուները, այնպես էլ մարզչական շտաբը:

Այս պարտությունից հետո «Յունայթեդ»-ը դեռ շարունակում է գլխավորել A խմբի մրցաշարային աղյուսակը, սակայն դեռ չի ապահովել տեղը փլեյ-օֆ փուլում: Ունի 12 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Բազել»-ն ու երրորդ տեղում ընթացող Մոսկվայի ԲԿՄԱ-ն ունեն 9-ական միավոր: Հետնապահ «Բենֆիկա»-ն միավորներ չի վաստակել: Վերջին տուրում «Յունայթեդ»-ը կընդունի ԲԿՄԱ-ին, իսկ «Բազել»-ը հյուր կգնա «Բեֆիկա»-յին: Եթե հանկարծ 6-րդ տուրում «կարմիր սատանաներ»-ը պարտվեն, հնարավոր է, չհաղթահարեն խմբային փուլի արգելքը:

Տուրում ուշադրության կենտրոնում էր ևս 2 հանդիպում՝ C խմբում «Ատլետիկո»-«Ռոմա», իսկ D-ում՝ «Յուվենտուս»-«Բարսելոնա»: «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «գայլերին»: 69-րդ րոպեին հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը, իսկ 85-րդ րոպեին այն կրկնապատկեց Կևին Գամեյրոն: Այս խմբում երկրորդ ուղեգրի հարցը դեռ վճռված չէ: 10 միավորով առաջին տեղում ընթանում է «Չելսին» և արդեն ապահովել է փլեյ-օֆի ուղեգիրը: «Ռոման» 2-րդն է 8 միավորով, «Ատլետիկոն» էլ 6 միավորով 3-րդն է: Այս թիմերը շարունակում են պայքարը երկրորդ ուղեգրի համար: Հետնապահ «Քարաբագ»-ը 2 միավոր ունի:

D խմբում «Ծեր սինյորան» ու «կապտանռնագույնները» հաղթողին չորոշեցին: Հանդիպումն ավարտվեց 0:0: Իսպանական թիմը միավորների քանակը հասցրեց 11-ի և 1/8 եզրափակիչ դուրս եկավ: «Յուվեն», որն 8 միավորով երկրորդն է, և 7 միավորով 3-րդ տեղում ընթացող «Սպորտինգ»-ը դեռ պայքարում են երկրորդ ուղեգրի համար: Խմբի հետնապահ «Օլիմպիակոս»-ը 5 խաղում ընդամենը 1 միավոր է վաստակել:

Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

ԲԿՄԱ-«Բենֆիկա»՝ 2:0,

«Քարաբագ»-«Չելսի»՝ 0:4,

ՊՍԺ-«Սելթիք»՝ 7:1,

«Անդերլեխտ»-«Բավարիա»՝ 1:2,

«Սպոտինգ»-«Օլիմպիակոս»՝ 3:1:

Այս պահին 1/8 եզրափակչի ուղեգրեր են նվաճել B խմբում ՊՍԺ-ն ու «Բավարիա»-ն, C խմբում՝ «Չելսի»-ն, D խմբում՝ «Բարսելոնա»-ն, F խմբում՝ «Մանչեստեր Սիթի»-ն, G խմբում՝ «Բեշիքթաշ»-ը, H խմբում՝ «Թոթենհեմն» ու վերջին 2 տարիների չեմպիոն «Ռեալ Մադրիդը»: Վերջին՝ 6-րդ, տուրի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 5-ին և 6-ին:

17:55 23.11.2017