ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ավարտին են մոտենում «Հայաստանի թվային օրակարգ-2030» ռազմավարության մշակման աշխատանքները
18:55 23.11.2017

Ավարտին են մոտենում «Հայաստանի թվային օրակարգ-2030» ռազմավարության մշակման աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը «Թվային օրակարգ» ռազմավարության մշակման ընթացքի և դրանից բխող 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ էր: 

«Նախկինում անդրադարձել ենք թվային օրակարգի կարևորության և այդ ոլորտում Կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին։ Նշվածի շրջանակում ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարգ-2030» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները։ Միաժամանակ անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց իրագործման աշխատանքները, հատկապես այն ոլորտներում, որտեղ թվայնացման գործընթացի իրականացումն առաջնահերթ է»,- նշել է Վարչապետը։ 

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-օրյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտի՝ թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածություններ։ Հանձնարարվել է նաև 2-շաբաթյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի Թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ «Թվային Հայաստան» հիմնադրամի կարծիքը ստանալու համար։ 

«Մասնավորապես անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ ոլորտներում թվային գործիքների ներդրմանը՝ կառավարման փոխգործունակության պլատֆորմի և հանրային ծառայությունների կառավարման «մեկ պատուհանի» ներդրում, բնական ռեսուրսների և հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական (մասնավորապես` սոցիալական), համայնքային և այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում և դրա ենթակառուցվածքների ձևավորում, տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն»,- նշել է Վարչապետը՝ հավելելով, որ թվային միջավայրի ձևավորման շրջանակում համապատասխան միջազգային աջակցության ստացման գործընթացների կազմակերպումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։

Կառավարության ղեկավարը հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարել է առաջարկությունները ստանալուն պես ամփոփել և 1-ամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018թ. թվայնացման գործողությունների ծրագիրը՝ նշելով միջոցառումների կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ։ 

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականն իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ էր:

«2016 թվականի մարտ ամսին Կառավարության կողմից հիմնադրվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամը, որն իրականացնում է համապատասխան նախագծերի կարգավորման բնագավառների վրա ազդեցության գնահատումը, մասնավորապես անդրադառնալով հիմնավորվածությանը, այլընտրանքային տարբերակների սահմանման, նախագծի ընդունման հետ կապված ծախսերի և օգուտների հաշվարկման հարցերին և արդյունքում նախագիծը տրամադրելով մշակող մարմնին համապատասխան առաջարկություններ։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներկայացնելու հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,- նշել է Վարչապետը:

Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարել է գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքերում ներկայացնել հստակ հիմնավորումներ։ Հանձնարարվել է նաև 1-ամսյա ժամկետում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի 2018թ. տարեկան գործողությունների շրջանակում՝ կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով Կառավարության ծրագրով հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները։

Վարչապետն ընդգծել է, որ հիմնադրամն այն օղակն է, որը պետք է բոլոր ռիսկերը գնահատի և համապատասխան վերլուծություն տրամադրի: Նա Կառավարության անդամներին առաջարկել է հստակ ձևակերպել իրենց այն առաջնահերթ խնդիրները, որոնց վերաբերյալ հիմնադրամը պետք է վերլուծություն ներկայացնի:

Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին

Հայաստանի տարածքում տվյալների պահոց կստեղծվի

Կբարելավվի գործարար միջավայրը

Վերոնշյալ թեմաների մասին առավել մանրամասն՝ այստեղ:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

18:55 23.11.2017