ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Եգիպտահայ գործարարը մտադիր է Հայաստանում 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել
16:35 24.11.2017

Եգիպտահայ գործարարը մտադիր է Հայաստանում 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆի հետ, ով գլխավորում է Wassef Group-ը։ Ընկերությունը Եգիպտոսի բամբակի և բամբակյա գործվածքեղենի առաջատար արտահանողներից ու արտադրողներից մեկն է:

Ջոզեֆ Վասեֆը Նախարարին հայտնել է, որ ցանկանում է Հայաստանում արտադրություն հիմնել թեթև արդյունաբերության ոլորտում։ Ներդրողը նշել է, որ իրենց ընկերությունների շղթան մասնագիտացած է արտադրության բոլոր փուլերում՝ տրիկոտաժի ներկում, պտտվող, թվային և կտորային տպագրություն, ասեղնագործություն, ձևավորում, կար և փաթեթավորում։ Ընկերությունը արտադրանք է մատակարարում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշային ընկերություններին։

Նախարարը ներդրողի հետ քննարկել է Հայաստանում հագուստի արտադրություն հիմնելու հնարավորությունները, Հայաստանի Կառավարության կողմից ներդրողների համար սահմանված աջակցության գործիքակազմը, արտահանման հնարավորությունները և այլ մանրամասներ։

Ջոզեֆ Վասեֆի խոսքով հայաստանյան աշխատուժն աշխարհում լավագույններից է, և հայ մասնագետներն իրենց գործի գիտակն են, ինչն էլ ավելի կհեշտացնի իրենց գործունեությունը։ Ներդրողը նշել է, որ կարող են 1,000-ից ավելի աշխատատեղ ստեղծել։

Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Նախարարության աջակցությամբ գործարարը կսկսի նախապատրաստական աշխատանքները և անհրաժեշտ ուսումնասիրությունները:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16:35 24.11.2017

Ամենաշատ ընթերցվածները