ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Զախարովան հերքել է ԼՂ հարցում «Պուտինի պլանի» առկայության մասին լուրերը
19:35 24.11.2017

Զախարովան հերքել է ԼՂ հարցում «Պուտինի պլանի» առկայության մասին լուրերը

ԶԼՄ-ները, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, պետք է օգտվեն սկզբնաղբյուրներից և որքան հնարավոր է՝ հաճախ: Այդպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին ԼՂ խնդրի կարգավորման «Պուտինի պլանի» առկայության մասին, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Միշտ խորհուրդ ենք տալիս բոլոր ԶԼՄ-ներին, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, երբեմն օգտվել սկզբնաղբյուրներից և հնարավորինս հաճախ։ Այս հարցը բազմիցս է մեկնաբանվել: Աշխատում է ԱԳՆ կայքը: Մենք միշտ մանրամասն և կոնկրետ պատասխանում ենք հնչեցված հարցերին»,- ասել է նա, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը:

Անդրադառնալով ԼՂ կարգավորման շուրջ հատուկ ակտիվության մասին խոսակցություններին՝ Զախարովան ասել է.«Ակտիվությունը, որը տեսնում ենք հեռուստացույցի էկրաններին, մամլո ասուլիսներում, 2 շաբաթում չի լինում, դա նախնական մեծ աշխատանքի արդյունք է: Իսկ նման աշխատանք մշտապես է տարվում։ Մեզ համար ԼՂ հակամարտության կարգավորումը առաջնահերթություններից է, քանի որ այն առնչվում է երկու բարեկամ պետությունների, ժողովրդների, որոնց հետ մենք զարգացնում ենք հարաբերությունները։ Շատ ենք ցանկանում, որ այս խնդրահարույց հարցը վերջապես կարգավորվի և որքան շուտ, այնքան լավ, այն հիմքերի վրա, որոնց մասին բազմիցս է խոսվել»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ լավատես չէ ղարաբաղյան հիմնախանդրի կարգավորման հարցում:

«Սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների փորձը ապացուցում է, որ դրանք արագ չեն ավարտվի: Բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար։ Ինչպես նշեցի Բաքվում՝ այս տարրերը ձևավորվել են մի փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել մի քանիսը և փորձել դրանց հիման վրա հասնել համաձայնության: Այդ դեպքում հավասարակշռող տարրերը դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որը բոլորս ենք ակնկալում»,- ասել է Լավրովը:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

19:35 24.11.2017