ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ապրիլյան պատերազմի 375 մասնակից ստացել է ուսման վարձի փոխհատուցում
20:35 24.11.2017

Ապրիլյան պատերազմի 375 մասնակից ստացել է ուսման վարձի փոխհատուցում

Նոյեմբերի 24-ին Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 375 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ Կառավարության աջակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀԵՀ կայքը, փոխանցում է «Ռազմ.ինֆո»-ն:

Փոխհատուցում ստացել են պետական և ոչ պետական, միջպետական բուհերի ուսանողներ։

Նշվում է, որ ստացողներից 82-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 59-ը՝ ԵՊՀ-ից, 54-ը՝ բժշկական համալսարանից, 49-ը՝ պետական տնտեսագիտական, նույնքան ճարտարապետության և շինարարության համալսարաններից, 19-ը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից, 15-ը՝ հայկական պետական մանկավարժական համալսարանից, ֆրանսիական, սլավոնական, լեզվահասարակագիտական, ագրարային համալսարաններից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գավառի, Վանաձորի պետական համալսարաններից, Եվրասիա միջազգային համալսարանից և այլն։

Ավելի վաղ հիմնադրամի կայքը հայտնել էր, որ ՀԵՀ-ը ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու է կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին (նրանց ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Լրատվակայքը հիշեցնում է, որ 2017թ. ապրիլին հայտնի էր դարձել, որ ՀՀ ՊՆ և ՀԵՀ ծրագրի շրջանակներում 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ընդգրկված և արդեն զորացրված մոտ 450 զինծառայողներ, ովքեր բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, ստացել են լրացուցիչ 20 տոկոս զեղչ:

Լուսանկարը՝ PastInfo.am-ի

20:35 24.11.2017