ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսում կազմակերպվել էին «Ոսկե աշուն Սյունիք-2017» և «Գորիսյան օրեր» միջոցառումները
20:55 24.11.2017

Գորիսում կազմակերպվել էին «Ոսկե աշուն Սյունիք-2017» և «Գորիսյան օրեր» միջոցառումները

Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ Գորիսում կազմակերպվել էին «Ոսկե աշուն Սյունիք-2017» և «Գորիսյան օրեր» տոնական մարզամշակութային միջոցառումները:

Փառատոնին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, մարզի համայնքների ղեկավարներ, զինվորականներ և այլք:

Տոնական միջոցառումները մեկնարկեցին արձակագիր, հրապարակախոս Էդիկ Զոհրաբյանի տան բակում հուշատախտակի բացման արարողությամբ: Հուշակոթողի բացման պատիվն ընձեռվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին և գրողի ավագ դուստր Արմինե Զոհրաբյանին: Ներկաները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին Սյունիքի մշակութային կյանքում մեծ ավանդ ունեցած, իր հայրենի բնօրրանին նվիրված բանաստեղծի հիշատակը հավերժացնելու համար:

Այնուհետև հյուրերն այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան: Այստեղ գեղեցիկ կատարումներով հանդես եկան Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի երգչախումբի սաները, իսկ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները փառատոնի մասնակիցների ուշադրությանը հանձնեցին թատերական ներկայացում:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր խոսքում ընդգծել է, որ այսպիսի միջոցառումները նպատակ ունեն վերականգնելու և պահպանելու սյունյաց հին ավանդույթները և ավելացրել, որ քայլեր են ձեռնարկվելու այդօրինակ միջոցառումները մարզի բոլոր համայնքներում անցկացնելու ուղղությամբ:

Օրը կարևորվեց նաև անվանի գրող և արձակագիր Սերո Խանզադյանի հուշաքարի բացմամբ, որն այժմ տեղադրված է գրողի տան բակում:

«Lինել միասնական» կարգախոսը կրող փառատոնի ընթացքում բարձր տրամադրությունը թևածում էր ամբողջ Գորիսում:

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, խոսելով հետագա ծրագրերի մասին, նշեց, որ Գորիսի մշակութային կյանքի ակտիվացման հստակ քայլեր են ձեռնարկվում, որոնք տեսանելի կլինեն արդեն 2018 թվականին:

Չնայած ցուրտ եղանակին՝ Գորիսի հյուրասեր բնակիչները բակերում ջերմ հյուրասիրություն էին կազմակերպել: Տոնական սեղանները լեփ–լեցուն էին Գորիսի բերք ու բարիքով, սյունյաց աշխարհին բնորոշ բազմազան կերակրատեսակներով և խմիչքներով:

Մարզի համայնքները տաղավարներով ներկայացրել էին իրենց տեղանքին բնորոշ առաձնահատկությունները, արհեստները, արվեստները: Սյունիքի մարզպետը շրջայց կատարեց տաղավարներում, ճաշակեց սյունյաց ավանդական ուտեստները և քաղցրավենիքը:

Փառատոնն ուղեկցվեց ազգային երգ ու պարով:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV 

20:55 24.11.2017