ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը
20:35 13.12.2017

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետությունն ու նրա բնակիչների ինքնորոշման իրավունքը, հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU), փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ կարևոր ճանաչմանը նախորդել էին կուսակցության բարձրաստիճան անդամ Ջասթին Էլիքի ու ANC-AU-ի ներկայացուցիչների միջև հադիպումները:

Նշվում է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է նաև Հայոց ցեղասպանությունը, դարձել է Արցախի անկախությունը ճանաչած առաջին ոչ հայկական քաղաքական կուսակցություններից մեկն աշխարհում։

Հատկանշական է, որ կուսակցությունը նաև կոչ է արել Ավստրալիայի կառավարության բոլոր ճյուղերին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունն ու ամրապնդել Արցախի ու նրա բնակիչների հետ Ավստրալիայի հարաբերությունները:

Այս առիթով ANC-AU-ի տնօրեն Վաչե Ղահրամանյանն իր երախտագիտությունն է հայտնել Կանաչների կուսակցությանը և մասնավորապես՝ Ջասթին Էլիքին՝ Արցախի անկախությունն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու համար:

Մինչդեռ Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը նշել է, որ սա պատմական ճանաչում է:

«Արցախի Հանրապետության կառավարության և արցախցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Կանաչների կուսակցությանը՝ մարդու իրավունքները հարգելու համար»,- ասել է Միքայելյանը:

Օրաթերթը նշում է, որ Ավստրալիայի դաշնային խորհրդարանում «կանաչներն» ունեն 9 սենատոր և Ներկայացուցիչների պալատի մեկ անդամ:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

20:35 13.12.2017