ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Առանց տնտեսական գոտու էլ Մեղրիում բնակարանների գներն ու վարձավճարները Երևանի ՀԱԹ–ի գների են». քաղաքապետ
13:15 18.12.2017

«Առանց տնտեսական գոտու էլ Մեղրիում բնակարանների գներն ու վարձավճարները Երևանի ՀԱԹ–ի գների են». քաղաքապետ

Մեղրիում առանց ազատ տնտեսական գոտու էլ մշտապես նախատեսվում և իրականացվում է քաղաքի ենթակառուցվածքների թարմացում՝ նկատի ունենալով հարևան Իրանից զբոսաշրջիկների և տնտեսվարողների մշտական և ավելացող այցելությունները, ինչպես նաև հաշվարկները, որ այդ աճն ավելանալու է 2018թ. հունվարի 1-ից: Եվ այս առումով ամենակարևորը զուգարանների հարցն է, որ իրանական կողմը մշտապես բարձրացնում է հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ: Այս մասին Tert.am–ին հայտնել է Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ մանրամասնելով.«Իրենց զուգարանները այլ կերպ են, ուստի իրենք շատ դժվարությամբ են օգտվում: Եվ հանդիպումների ժամանակ իրենք միշտ այդ հարցը բարձրացնում են, միայն Մեղրիի մասով չէ, այլ ընդհանրապես: Որ եթե ուզում եք մեր զբոսաշրջիկների համար բարենպաստ պայմաններ լինեն, ապա այդ տարրական հարցը լուծեք: Ինձ որ ամեն հանդիպմանն ասում են: Հիմա մենք 2018-ին նախատեսել ենք, նախագծման փուլում է»,- ասել է քաղաքապետը:

Իրան-Հայաստան մաքսակետում արդեն իսկ նման զուգարաններ կառուցված են, սակայն մյուսները նախատեսված են իրանցիների համար տրանզիտ հանդիսացող Մեղրուց դուրս եկող երկու, դեպի Կապան ու Երևան շարժվող ճանապարհների համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Սյունիքում տրվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը, և ինչպես հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այս գոտին լավ վայր է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, հարևան  Իրանի  ունեցած տնտեսական հնարավորություններն ու ռեժիմները մեր երկրում բիզնեսի զարգացմանը ծառայեցնելու համար: Հիշեցնենք նաև, որ ՄՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով և այս գործունեությունը կազմակերպելու համար առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 100-130 միլիոն դոլարի ներդրումեր և 50-70 շահագործող ընկերություններ, որոնք հարևան Իրան պետք է արտահանեն 250 միլիոն դոլարի ապրանքներ:

Մեղրու քաղաքապետն այս առնչությամբ անկեղծորեն խոստովանել է, որ քանի որ պաշտոնական մեկնարկը տրվել է, շատ մեծ ու հավակնոտ ծրագրեր չունեն, և գոտու գործելուն հընթացս կճշտվեն ենթակառուցվածքների առումով նոր առաջնահերթությունները:

Մխիթար Զաքարյանի տեղեկացմամբ քաղաքում էլ ավելի է աճելու բնակարանների վարձակալությունը, և քաղաքում նրա խոսքով առանց ազատ գոտու էլ բնակարանների գները համարյա հասնում են մայրաքաղաքին: Կոնկրետ Ագարակում, որը խոշորացման արդյունքում հիմա Մեղրի վարչական շրջանում է, բնակարանների գները թե՛ վարձի, թե՛ վաճառքի առումով գրեթե նույնն են, ինչ Երևանի Հարավ–արևմտյան թաղամասում:

«Մի քիչ էդ առումով բարենպաստ վիճակում ենք, բնակչությունը, ցավոք, քիչ է, բայց չկա արտագաղթ և կա աշխատատեղերի առկայություն: Պղնձամոլիբդենային կոմբինատ ունենք, 2 հայկական և ռուսական զորամասեր կան: Մաքսակետն իր՝ ենթակառուցվածքներով: Ազատ գոտու հեռանկարը»,- թվարկել է Մեղրու քաղաքապետը:

Նա սպասում է ազատ գոտու համար ծրագրեր ունեցող ներդրողներին, քանի որ ասում է՝ շատերն են հետաքրքրված թե՛ իրանական, թե՛ հայկական կողմից: ԱՏԳ-ի բացման օրն արդեն 3 ներդրող իրանական ու հայկական կողմերի հետ արդեն ստորագրել են ազատ տնտեսական գոտում համագործակցության հուշագիր:

Մեղրու քաղաքապետը նշել է, որ 2018թ. հունվարի 1-ից փոխադարձաբար վերանալու են նաև Հայաստանի ու Իրանի մարդատար մեքենաների մուտքի վճարները: Եվ սրա համար իրանական մաքսակետում արդեն իսկ կառուցվել է մեքենաների կայանատեղի և իրանական սովորույթներով սանհանգույցներ:

Լուսանկարը՝ MeghriNews.com-ի

13:15 18.12.2017

Ամենաշատ ընթերցվածները