ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՆԱՏՕ-ն հուսով է, որ ճգնաժամի կարգավորման հարցում կլինեն նոր զարգացումներ
18:15 18.12.2017

ՆԱՏՕ-ն հուսով է, որ ճգնաժամի կարգավորման հարցում կլինեն նոր զարգացումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոթեմոլերն ափսոսում է, որ անցած 25 տարիների ընթացքում Արցախյան հակամարտությունն այդպես էլ չի կարգավորվել։ Այդ մասին նա ասել է Երևանի պետական համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ՝ հավելելով, որ դեռևս 90-ականներից, երբ աշխատում էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում, շատ լավ հիշում է ԼՂ հակամարտության ակտիվ շրջանը:

«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր է միասին աշխատել։ Ուրախ եմ, որ Վիեննայում ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում կայացավ։ Երկու երկրների նախագահները հանդիպեցին հոկտեմբերին, ինչը գերազանց էր»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը ներկա էին այդ գագաթաժողովին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ԱՄՆ-ն այդպիսի բարձր մակարդակով ընդգրկված է գործընթացին՝ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և իհարկե ֆրանսիական կողմի հետ համատեղ»,- նշել է բարձրաստիճան պաշտոնյան։

Ռոզ Գոթեմոլերն ընդգծել է, որ ինքը որպես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ հույս ունի՝ ճգնաժամի կարգավորման հարցում կլինեն նոր զարգացումներ, ինչը ձեռնտու կլինի ամբողջ տարածաշրջանի համար։

«ՆԱՏՕ-ի անունից կարող եմ միայն արձանագրել, որ դրական ենք ընդունում վերջին շրջանում բարձր մակարդակով ընթացող դիվանագիտական ջանքերը, որոնք, հուսով ենք, արդյունք կտան»,- ամփոփել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Գործակալությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:

«Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- նշել է նա:

Լուսանկարը՝ NATO.int-ի

18:15 18.12.2017