ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սյունիքի և ԻԻՀ-ի միջև տնտեսական կապերն ամրապնդվում են
21:35 20.12.2017

Սյունիքի և ԻԻՀ-ի միջև տնտեսական կապերն ամրապնդվում են

Այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզ էր ժամանել իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին: Շուրջ մեկ ամիս է՝ սկիզբ է առել Սյունիք-Իրան համագործակցությունը և գործընթացի մեջ արդեն նկատելի են զգալի հաջողություններ: Երկու երկրների համագործակցության ամրապնդման համար մարզկենտրոնում բացվեց «Արաս» ազատ տնտեսական գոտու գրասենյակը:

Նորաբաց գրասենյակում «Արաս» գոտու հաջողությունները և զարգացումներն ամրագրելու համար կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի «Զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի և «Արաս» ազատ տնտեսական գոտու միջև: Հուշագիրը ստորագրեց հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանը և «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին: Հանդիպմանը «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀ Սյունիքի մարզի սոցիալ–տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված գործունեության և հայ հոգևոր–մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած վաստակի համար Ակսել Բակունցի հուշամեդալով պարգևատրեց Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիին և «Արաս» գոտու ուրբաթօրյա աղոթքի իմամ Սանջարիին:

Արաբ Բաղին շնորհակալություն հայտնեց ներկաներին և վստահեցրեց, որ երկկողմանի հարաբերություններում սպասվում են փոփոխություններ: Նա վստահեցրեց, որ գրասենյակի աշխատանքներն ուղղված կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, զարգացմանը ինչպես նաև կլինեն ֆինանսական ներդրումներ Սյունիքի մարզում և Իրանում: Նրա տեղեկացմամբ արդեն կան գործարարներ, ովքեր ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել Սյունիքում:

Գրասենյակի բացումից հետո իրանական պատվիրակությունը մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ ներկա գտնվեց «Իտալիան ֆուդ» ընկերության բացմանը: Նորաբաց պիցցայի գործարանի սարքավորումներն ամբողջությամբ ներմուծված են Իտալիայից:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գոհ է կատարված աշխատանքներից: Նրա խոսքով ներկայումս իրանական կողմի հետ բանակցություններ են տարվում գործարանի արտադրանքն Իրան արտահանելու նպատակով: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ Սյունիքի և «Արաս» տնտեսական գոտիների համագործակցությունը կարող է լինել երկկողմ տնտեսական փոխգործակցության լավագույն կամուրջ։ Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ կստեղծվեն բոլոր նախադրյալները, որպեսզի Սյունիքի և Իրանի տնտեսական գոտիները համագործակցեն և փոխլրացնեն միմյանց և դառնան տարածաշրջանային կարևորության տնտեսական կենտրոն։ 

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

21:35 20.12.2017

Ամենաշատ ընթերցվածները