ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Աշտարակ կաթը» Սյունիքի բնակիչներին տարիուկես է՝ չի վճարում 7,6 միլիոն դրամ պարտքը
16:55 21.12.2017

«Աշտարակ կաթը» Սյունիքի բնակիչներին տարիուկես է՝ չի վճարում 7,6 միլիոն դրամ պարտքը

«Փաստ» օրաթերթը գրում է.«Աշտարակ կաթ» ընկերությունը պարտք է Սյունիքի մարզի Գորայք գյուղի բնակիչներին: Ընկերությունը չի վճարել 2016 թվականի հունիս–սեպտեմբեր ամիսներին մթերած կաթի գումարը: Պարտքը 7 միլիոն 600 հազար դրամ է կազմում:

Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փոխանցեց, որ խնդրի մասին տեղեկացրել է պատկան բոլոր մարմիններին, անգամ ելք է առաջարկում իրավիճակից դուրս գալու համար. համայնքը ավագանու որոշմամբ կարող է գնել «Աշտարակ կաթի»՝ Գորայքում գտնվող գրասենյակի շենքը, որը մանկապարտեզի նախկին շենքն է, և այդ գումարով մարել պարտքերը:

Նա անգամ վարչապետ Կարեն Կարապետյանին է տեղեկացրել: Երբ Վարչապետը մարզ էր այցելել, գյուղացիներն իրենց խնդրի մասին ահազանգել էին: Կարեն Կարապետյանը մարզպետին հանձնարարել էր կարճ ժամկետում հասկանալ՝ ինչու գյուղացիների պարտքը չի տրվել և լուծել խնդիրը:

«Ասել են, որ պետք է սնանկացման գործընթացն ավարտվի, պարտքերը մարվի ու նոր գյուղացիների գումարները վճարվի»,– հայտնեց նա:

Գյուղացիները պատմեցին, որ դեռ նախորդ տարվանից է ընկերությունը խաբում իրենց: Անընդհատ գումարի վճարման վերջնաժամկետ են հայտարարել ու ձգձգել այն: Անասնատերերին զգուշացրել են, որ պարտքը մաս-մաս կվճարվի, բայց գումար այդպես էլ չեն ստացել: Գորայքցիները նշեցին, որ ընկերության պատճառով գյուղը սնանկ վիճակում է հայտնվել:

«Մարդիկ անելանելի վիճակում են հայտնվել: Մեր մեկ տարվա ապրուստն ենք կորցրել: Գումար տվեցինք, անասնակեր գնեցինք, ամբողջ տարին չարչարվեցինք, 100 դրամով կաթը հանձնեցինք ու այսօր առանց գումար նստեցինք»,– սրտնեղեցին մեր զրուցակիցները:

16:55 21.12.2017

Ամենաշատ ընթերցվածները