ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բաքուն կաշառել է Շվեդիայի ԱԳՆ-ից ֆինանսավորվող ինստիտուտը
18:35 21.12.2017

Բաքուն կաշառել է Շվեդիայի ԱԳՆ-ից ֆինանսավորվող ինստիտուտը

Շվեդական առաջատար Dagens Nyheter թերթը կոռուպցիոն սկանդալներում Ադրբեջանի ներգրավված լինելու մասին նոր բացահայտումներ է ներկայացրել: Ըստ թերթի՝ Շվեդիայի ԱԳՆ-ի կողմից ֆինանսավորվող Քաղաքական անվտանգության և զարգացման Ստոկհոլմի ինստիտուտի (ISDP) տնօրեն Սվանտե Կոռնելին Ադրբեջանի կողմից կաշառվել է, ինստիտուտն էլ աշխատել է Ադրբեջանի դրական վարկանիշը արտերկրում ապահովելու համար։ Այս մասին կարդում ենք PanARMENIAN.Net-ում:

Dagens Nyheter թերթը բացահայտել է, որ Քաղաքական անվտանգության և զարգացման Ստոկհոլմի ինստիտուտը հովանավորվում է ադրբեջանական լոբբիստական կազմակերպության կողմից, իսկ Կոռնելին գտնվում է Ադրբեջանի վարչակազմի կողմից ֆինանսավորվող խորհրդում, հայտնում է Panorama.am-ը։

Սվանտե Կոռնելին հայտնի է որպես Ադրբեջանի հարցերով փորձագետ, որին հաճախ նաև մեղադրել են ադրբեջանական իշխող ռեժիմի անունը «սրբագրելու» առաքելություն կատարելու մեջ։ Շվեդական թերթը բացահայտել է, որ Կոռնելին և ISDP-ն սերտ հարաբերությունների մեջ են Ադրբեջանի իշխանությունների հետ։

Թերթը վկայակոչում է այն հանգամանքը, որ ISDP-ն ֆինանսավորում է ստանում նաև Telia Sonera ընկերությունից: Այս կապակցությամբ թերթը հավելում է, որ Telia Sonera-ն, ըստ հետաքննական մամուլի հրապարակումների, կասկածվում է Ադրբեջանի նախագահի ընտանիքի կողմից կաշառված լինելու մեջ։

ISDP-ի մյուս հովանավորը «Եվրոպական Ադրբեջանի հասարակություն» լոբբիստական կազմակերպությունն է, որն ըստ The Economist 1843 ամսագրի՝ պատկանում է Ադրբեջանի նախարարներից մեկի որդուն։

Սվանտե Կոռնելին նաև «Կովկաս» միջազգային հետազոտական կենտրոնի անդամ է, որը ֆինանսավորվում է Ադրեջանի կողմից։ Կենտրոնի նպատակն է արտերկրում նպաստել Ադրբեջանի դրական իմիջի ստեղծմանն ու պահպանմանը։

DN-ի հետ զրույցում Շվեդիայի խորհրդարանի անդամ Ֆերդերի Մալմ Լոռելին, անդրադառնալով Կոռնելիի՝ ադրբեջանական վարչակազմի հետ կապ ունենալու վերաբերյալ տեղեկություններին, նշել է, որ միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր ոչ ժողովրդավար վարչակազմերի հետ են աշխատում։

«Զարմանալի է, որ ԱԳՆ-ն է հայտնվել նրանց ցանկում։ Ես չեմ կարծում, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել կապի մասին»,- հավելել է Լոռելին։

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը թերթի հետ զրույցում նշել է, որ Կոռնելին տարիների ընթացքում փոխել է վերաբերմունքը Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

«Սվանտեն դարձել է Ալիևի ռեժիմի ջատագովը»,- ասել է դիվանագետը։

Amnesty International Sweden միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամլո խոսնակ Ամի Հեդենբորգն այս առնչությամբ նշել է. «Ադրբեջանը մի երկիր է, որը լրջորեն խախտում է մարդու իրավունքները, և եթե դու շվեդացի գիտնական ես խորհրդում, որը ֆինանսավորվում է վարչակազմի կողմից, որը փորձում է երկրի դրական պատկերը ստեղծել, ուրեմն դա շատ անհանգստացնող է։ Այն, ինչ դու պետք է բացահայտես, մարդու իրավունքների լրջագույն խախտումներն են, որոնք տեղի են ունենում»։

Թերթը հավելում է, որ իրենց կողմից ներկայացաված բացահայտումների առնչությամբ գրավոր հարցմամբ դիմել են Շվեդիայի ԱԳՆ-ին: Ի պատասխան՝ Շվեդիայի արտաքին գործերի գերատեսչությունից թերթին տեղեկացրել են, որ հիշյալ կազմակերպության հետ առնչությունը եղել է փորձագիտական ծառայությունների մատուցման մակարդակում և նախարարությունը պատասխանատվություն չի կրում կազմակերպության գործունեության մյուս ոլորտների համար:

«ISDP-ի աշխատակիցների վերաբերյալ հարցերը պետք է ուղղել այդ ընկերությանը»,- թերթին փոխանցել են Շվեդիայի ԱԳՆ-ից։

Միաժամանակ Dagens Nyheter-ը փորձել է բացահայտումների շուրջ պարզաբանումներ ստանալ Սվանտե Կոռնելիից: Վերջինս հրաժարվել է թերթի հետ զրուցել այդ թեմայով՝ փոխարենը փորձելով ISDP-ի մամլո ծառայության միջոցով հերքել իր առնչությունը թերթի բացահայտումների հետ:

Նոյեմբերի 28-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի կոմիտեի նիստում տեղի են ունեցել հատուկ լսումներ, որի թեման էր Ադրբեջանում և Սլովենիայում փողերի լվացումը: Մասնավորապես քննարկվել են եվրոպացի քաղաքական գործիչների կաշառման փաստերը Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ըստ 2017թ. սեպտեմբերի 4-ին հրապարակված զեկույցի՝ Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներ են արվել, ըստ որի՝ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար: Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014թ. Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով:

18:35 21.12.2017

Ամենաշատ ընթերցվածները