ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել». Հովհաննիսյան
14:15 09.01.2018

«Վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել». Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ մեկնաբանելով «Հայկական Ժամանակ»-ի՝ Արցախում երկու զինծառայողի ականապայթյունից վիրավորվելու մասին հրապարակած տեղեկությունները:

Ավելի վաղ «ՀԺ»-ն հայտնել էր, որ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել: Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

«Նշենք, որ երեկ՝ հունվարի 8-ին, պաշտոնական հաղորդագրություն տարածվեց առ այն, որ հակառակորդի կրակոցից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանը և վիրավորվել նրան օգնության շտապած ավագ լեյտենանտ Ե. Մուսինյանը, ապա պայմանագրային զինծառայող, վարորդ Դ. Վանյանը: Նրանք հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Տեղեկացանք, որ զինծառայողներից մեկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում. նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակն այժմ գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս զինծառայողին այսօր տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով:

Հովհաննիսյանն իր գրառման մեջ նշում է, որ ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ տեղեկատվական թափանցիկության հստակ քաղաքականությունն ամեն օր երևում է կոնկրետ քայլերով:

Նրա խոսքով հայկական կողմերը որևէ բան թաքցնելու միտում չունեն և չեն թաքցրել, քանի որ անտրամաբանական է զինծառայողի զոհվելու փաստը ներկայացնելու օրը «մեզ մեղադրել ինչ-որ բան թաքցնելու մեջ»:

«Սակայն նույն ժամանակ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել»,- նշում է նա, ապա հավելում.«Բազմիցս փաստարկված հիմնավորել ենք, որ եթե զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ապա նպատակահարմար չէ, նրանց վիրավորվելու լուրը հաղորդել և հակառակորդին հստակ փաստ ներկայացնել իր աշխատանքի արդյունավետության մասին, երբեմն նաև այլ բաների մասին...

Սրանից ավել բան չեմ կարող ասել, կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ մեր իրազեկվածության աստիճանը չպետք է գերազանցի մարտական խնդիրներ կատարող մարդկանց կյանքը վտանգելու աստիճանը»:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

14:15 09.01.2018