ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
18:15 09.01.2018

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են այն անձանց, որոնք ղարաբաղյան հակամարտության հետևանքով պահվում են հակամարտության կողմերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Մասնավորապես ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության լրատվության պատասխանատուն հայտնել է, որ անցած ամիս իրենք այցելել են ադրբեջանական կողմում պահվող անձանց: Նրանք մոնիթորինգի են ենթարկել պայմանները, որոնցում պահվում են այդ անձինք, ինչպես նաև ապահովում են նրանց կապը հարազատների հետ:

Համաձայն աղբյուրի՝ ներկայումս Ադրբեջանում պահվում է երկու գերի՝ Արսեն Բաղդասարյանն ու Զավեն Կարապետյանը, որոնց Բաքուն դիվերսանտ է որակել:

Մինչդեռ Զավեն Կարապետյանը, ըստ հայկական կողմի տվյալների, քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի։ Իսկ Արսեն Բաղդասարյանն արդեն իսկ Ադրբեջանում դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 

Զավեն Կարապետյանն ադրբեջանական կողմում հայտնվել է 2017թ. հունիսին: ՀՀ ՊՆ-ն այդ ժամանակ հայտարարեց, որ այդպիսի զինծառայող չկա, դիվերսիոն հարձակման մասին լուրն ապատեղեկատվություն է:

Ավելի ուշ ոստիկանությունը պարզեց, որ Զավեն Կարապետյանը ծնվել է Նոր Խարբերդ ավանում, եղել է մանկատան սան: 1994թ. տեղափոխվել է Վանաձոր և մոտ 4 տարի բնակվել Շառլ Ազնավուրի հիմնադրամի տրամադրած տնակում, հետո վաճառել այն ու դարձել թափառաշրջիկ: Վերջին տարիներին Հայաստանի տարբեր վայրերում վարձատրության դիմաց զբաղվել է անասնապահությամբ: Խուսափել է շփումներից, եղել է ինքնամփոփ, ակնհայտ են եղել մտավոր թերություններ։

Զինծառայող Արսեն Բաղդասարյանը 2014թ. դեկտեմբերի 26-ին է հայտնվել ադրբեջանական կողմում: Ընդ որում՝ Արսեն Բաղդասարյանի դեպքի վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե տվել է հակասական տեղեկատվություն:

Նախ և առաջ հայտարարվել է, որ նա դիվերսանտ է, ապա Արսենն ինքնակամ է հատել սահմանը՝ չդիմանելով հայկական բանակում տիրող բարքերին: Անգամ նշվում էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ զինծառայողը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր:

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն, այնուամենայնիվ, նախընտրել է Արսենին ներկայացնել որպես «դիվերսանտ»: Արսեն Բաղդասարյանի սահմանահատումը որակվել է որպես հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ ու նրա նկատմամբ հարուցվել է քրգործ:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա ՊԲ-ն սահմանահատման դեպքի օրը հայտարարել է, որ Արսեն Բաղդասրայանը, հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

18:15 09.01.2018

Ամենաշատ ընթերցվածները