ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Գերմանիայի արտգործնախարարն անձամբ թուրքական թեյ է մատուցել Չավուշօղլուին
19:15 09.01.2018

Գերմանիայի արտգործնախարարն անձամբ թուրքական թեյ է մատուցել Չավուշօղլուին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Գերմանիայի Գոսլար քաղաքում հյուրընկալած Զիգմար Գաբրիելը թուրքական թեյ է հյուրասիրել նրան՝ անձամբ մատուցելով այն: Այս մասին գրում է Tert.am-ը gunes.com կայքին հղումով:

Աղբյուրը նշում է, որ Գերմանիայի արտգործնախարար Գաբրիելը պաշտոնական հանդիպումներից բացի առաջին անգամ օտարերկրյա պաշտոնյային իր տուն է հրավիրել և այնտեղ հյուրասիրել նրան:

Թեյի հյուրասիրության լուսանկարը Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն կիսել է սոցցանցերից մեկի իր էջում:

Լրատվակայքը հիշեցնում է, որ Գաբրիելի ու Չավուշօղլուի՝ օրերս տեղի ունեցած հանդիպմանը վերջիններս շեշտել են, որ լիովին համամիտ են թուրք-գերմանական հարաբերություններում նոր փուլի մեկնարկ տալու անհրաժեշտության հարցում:

Հանդիպման ընթացքում Գաբրիելն իր թուրք պաշտոնակցին հայտնել է Թուրքիայում կալանավորված և Գերմանիայի քաղաքացի հանդիսացող լրագրող Դենիզ Յուջելի անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին, ինչից հետո հնարավոր կլինի խոսել Գերմանիայի կողմից Թուրքիային զենքի վաճառքի նախագծի հաստատման մասին:

Լրատվակայքը նաև հիշեցնում է, որ վերջին շրջանում Թուրքիան ազատ էր արձակել Գերմանիայի մի քանի քաղաքացու, որոնք կալանավորվել էին ավելի վաղ: Այս առիթով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն իր գոհունակությունն էր հայտնել ու նշել, որ հույս ունի, որ Գերմանիան ու Թուրքիան կկարողանան վերականգնել միմյանց հանդեպ վստահությունը:

Լուսանկարը՝ DW.com-ի

19:15 09.01.2018

Ամենաշատ ընթերցվածները