ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնն ունի դեկորացիաների և հագուստների թարմացման կարիք
19:55 09.01.2018

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնն ունի դեկորացիաների և հագուստների թարմացման կարիք

2017 թվականը Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի համար եղել է բեղուն աշխատանքային շրջան՝ բազմաթիվ շրջագայություններ, հյուրախաղեր զորամասերում, բարեգործական ներկայացումներ, նոր ներկայացումներ, 1 մոնոներկայացում, տարբեր թատրոններից նոր մտահաղացումներով ժամանած ռեժիսորներ:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը նշում է, որ 2017-ին թատրոնը կրկնապատկեց իր ունեցած հաջողությունները, ամրապնդեց իր ուրույն տեղը հայ թատերարվեստում: Նրա տեղեկացմամբ 2017թ. Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աջակցությամբ լուծում ստացավ թատրոնին տրանսպորտային միջոցով ապահովելու խնդիրը:

Խոսելով հանդիսատեսի մասին՝ Արթուր Գաբրիելյանն ընդգծեց, որ նախորդ տարիների համեմատ 2017-ին հանդիսատեսն ակտիվությամբ տարբերվում էր: Այնուհանդերձ թատրոնում շատ հարցեր շարունակում են մնալ անկատար:

«Ներկայումս հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ թատրոնն ունի դեկորացիաների ու հագուստների թարմացման կարիք: Թատրոնն աղքատություն չի սիրում, բեմը շքեղություն է սիրում: Խնդիրները մասամբ լուծում են ստանում այլ թատրոնի աջակցությամբ»,- նշում է գեղարվեստական ղեկավարը:

Այս տարի էլ, ավանդույթի համաձայն, անկախ խնդիրներից թատրոնը  կհետևի իր որդեգրած քաղաքականությանը՝ կշարունակի գործել և նոր ձեռքբերումներ գրանցել թատերային տարեգրության մեջ:  

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

19:55 09.01.2018