ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Եթե ձյուն չտեղա, իսկ եղանակը ցրտի, աշնանացան բերքը կտուժի». Գյուղատնտեսության փոխնախարար
13:55 10.01.2018

«Եթե ձյուն չտեղա, իսկ եղանակը ցրտի, աշնանացան բերքը կտուժի». Գյուղատնտեսության փոխնախարար

Վերջին շրջանում եղանակն անբնական տաք է, և պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ այս կամ այն բնակավայրում ծառերը ծաղկում են: Այսօր էլ հայտնի դարձավ, որ նման երևույթ դիտվել է Երևանում: Առայժմ, սակայն, օդի անհամապատասխան բարձր ջերմաստիճանը գյուղատնտեսության համար վտանգավոր չի դարձել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է.

«Որ ընդհանուր առմամբ անոմալ եղանակ է, Հիդրոմետ ծառայությունը հայտարարել է, այսինքն՝ բազմամյա միջինի համեմատ օդի ջերմաստիճանը բարձր է: Բայց դա չի նշանակում, որ այս պահին մենք կարող ենք գնահատական տալ, որ սա վնաս կպատճառի գյուղատնտեսությանը: Հիմա քանի որ գիշերները լինում է բացասական ջերմաստիճան, դա թույլ չի տալիս, որ ծառերի մոտ հյութաշարժություն սկսվի: Ես անձամբ այս պահին գտնվում եմ Տավուշի մարզում: Այսինքն՝ այն մարզում, որն ամենացածրադիր վայրերից մեկն է և ամենատաքը: Ո՛չ բողբոջած ծառ ունենք, ո՛չ թուփ: Գուցե այնպիսի մի տեղ, որը հարավային կողմում է, արևի անմիջական ճառագայթների տակ, գտնվում է տաք մի վայրում, թեկուզ Երևան քաղաքում, չի բացառվում՝ բնության մեջ նման երևույթ լինի: Բայց որ դա զանգվածային բնույթ կրի և գյուղատնտեսությանը վնաս պատճառվի, նման խնդիր այս պահին չկա»:

Նախարարի տեղակալի խոսքով իրենց միակ մտավախությունն այն է, որ հանկարծ այնպես չլինի՝ առանց ձյան տեղումների եղանակը էապես ցրտի և գրանցվի -15-ից ցածր ջերմաստիճան: Այդ դեպքում աշնանացանը կարող է տուժել:

«Այն տարածքներում, որտեղ աշնանացանը ծածկվի ձյան շերտով, թեկուզ 5-10 սմ, նշանակում է մինչև -20 -30 աստիճանին կդիմանա առանց խնդիրների: Իսկ այս պահին կդիմանա մինչև -15-ին: Ծառերի, խաղողի այգիների առումով եղանակը ինչքան ցրտի, այնքան օգուտ է»,- շարունակել է Աշոտ Հարությունյանը:

Օրաթերթի հարցին, թե եթե գյուղատնտեսությանը սպառնացող վտանգ չկա, ինչ խնդիր ու մտահոգություն է իրեն հասցրել Տավուշի մարզ, փոխնախարարը պատասխանել է.«Մենք որ հետևում ենք օդի ջերմաստիճանին, որպես մասնագետներ հասկանում ենք, որ նման ջերմաստիճանի դեպքում չի կարող հյութաշարժությունը սկսվել, բայց քանի որ զանգեր անընդհատ ստանում էինք, այս անգամ ավելի արագ փորձեցինք դրան անդրադառնալ, որ լրագրողը զանգի, ինչպես դուք եք զանգել, ասենք՝ հենց այս պահին այսինչ վայրում ենք, նման խնդիր չկա: Որ մարդկանց մոտ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ուղղակի ասում են ասելու համար»:

Նա նաև հավելել է, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի նվազում:

«Ինձ թվում է՝ բնությունը կկարգավորի, սառը հոսանքներ կգան: Այսօր դեռ ընդամենը հունվարի 9-նն է»,- լավատեսորեն եզրափակել է Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

13:55 10.01.2018

Ամենաշատ ընթերցվածները