ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայաստանը ցանկանում է ձեռք բերել Су-30 կործանիչներ». փորձագետ
15:15 10.01.2018

«Հայաստանը ցանկանում է ձեռք բերել Су-30 կործանիչներ». փորձագետ

Հայաստանը Ռուսաստանի տրամադրած նոր ռազմական վարկի շրջանակում ձգտում է ձեռք բերել Սու-30ՍՄ կործանիչները: Նման ենթադրություն է կատարել տարածաշրջանային անվտանգության փորձագետ Էդուարդ Աբրահամյանը The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) կայքում հրապարակած իր հոդվածում, որը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Փորձագետը փորձել է ենթադրել, թե ինչ ռազմական տեխնիկա ձեռք կբերի Հայաստանը Ռուսաստանի տրամադրած ռազմական վարկի շրջանակներում, որը կազմում է 100 միլիոն դոլար և նշվում է որպես «պետական արտահանման վարկ»: Վարկի մասին պայմանագիրը ՀՀ ԱԺ-ն վավերացրեց անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին: Սա Մոսկվայի կողմից տրամադրված երկրորդ ծրագրային ռազմական վարկն է Հայաստանին 2015 թվականին համաձայնեցրած 200 միլիոն դոլարի վարկից հետո:

Ռուսաստանի նոր վարկը նախատեսված է Երևանին թույլ տալ շարունակել 2011 թվականից ի վեր իրականացվող ռազմական տեխնիկայի հետևողական գնումները՝ փորձելով թույլ չտալ Ադրբեջանին ռազմատեխնիկական գերակայություն հաստատել:

Նա նշել է, որ Հայաստանն աշխատում է հնացած սարքավորումներից իր կախվածությունը վերացնելու ուղղությամբ:

Նա նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 15-17-ին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը որոշ մանրամասներ է բացահայտել առաջիկայում ակնկալվող սարքավորումների ձեռքբերման առաջնահերթությունների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է առաջիկա գնումներին՝ Նահապետյանն ընդգծել է ՀՀ զինված ուժերը համապատասխան շարժական հրետանիով, հակաօդային պաշտպանության միջոցներով և ավիացիոն ռեսուրսներով զինելու անհրաժեշտությունը: Նահապետյանի խոսքերը տեղիք են տվել ենթադրությունների, որ Հայաստանը ձգտում է ձեռք բերել Սու-30ՍՄ կործանիչները:

«Այս մարտական ինքնաթիռների ձեռքբերման մասին դեռևս առաջարկել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, բայց այդ հարցը սառեցվել էր 2016 թվականի ապրիլյան դեպքերի պատճառով»,- հիշեցնում է փորձագետը և հավելում, որ մարտական ուղղաթիռների ձեռքբերումը, այնուամենայնիվ, առաջիկա տարիներին ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով, որ Սու-30ՍՄ ինքնաթիռների գործառնական նպատակահարմարությունը կասկածելի է Հայաստանի երկնքում:

Լուսանկարը՝ WeAreTheMighty.com-ի

15:15 10.01.2018