ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Կա կենսական նշանակության խնդիր՝ կասեցնել թանկացումները». Արարատ Միրզոյան
19:15 10.01.2018

«Կա կենսական նշանակության խնդիր՝ կասեցնել թանկացումները». Արարատ Միրզոյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որ հունվարի 19-ին «ԵԼՔ»-ը երթ կանցկացնի՝ ընդդեմ թանկացումների:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում, ինչպես են իրազեկելու քաղաքացիներին այս ինը օրվա ընթացքում, Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ իրենք արդեն սկսել են իրազեկման աշխատանքները, մասնավորապես սոցիալական ցանցերից:

«ԵԼՔ» դաշինքն անպայմանորեն իրազեկելու է քաղաքացիներին, իրազեկելու է բավականին լայն թափով, տարբեր հարթակներ օգտագործելով, թռուցիկների եղանակով, սոցիալական ցանցերով և այլն: Ամեն կերպ տեղեկացնելու ենք, որպեսզի մարդկանց հնարավորինս ծանրակշիռ թիվ ապահովենք: Թռուցիկներ կբաժանենք կանգառներում, բազմամարդ խաչմերուկներում»,- ասել է «ԵԼՔ» խմբակցության պատգամավորը:

«Դժվար է պատասխանել հարցին, թե կգան մարդիկ կամ որքան մարդ կգա: Ես կարող եմ վստահեցնել, որ «ԵԼՔ»-ը հնարավոր ամեն ինչ անելու է, որպեսզի իր ուղերձը ժողովրդին հասցնի: Իսկ այդ ուղերձը շատ պարզ է, և շատ կոնկրետ. կա խնդիր՝ կասեցնել թանկացումները: Եվ այս խնդիրը կենսական նշանակություն ունի ու հուզում է գրեթե բոլորին: Հիմա եթե մարդիկ անհրաժեշտ գտնեն վեր կենալ բազմոցից և իրենց ներկայությամբ իրենց ձայնը հասցնել իշխանություններին, ապա «ԵԼՔ»-ը կվերցնի այդ մանդատը և կգնա առաջ: «ԵԼՔ»-ը հնարավոր ամեն բան կանի, որպեսզի իր ուղերձը հասնի բոլորին»,- հավելել է Միրզոյանը:

Մարզերում իրազեկելու հետ կապված հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ «ԵԼՔ»-ը բոլոր հնարավոր մեթոդները կիրառելու է նաև մարզերում. թռուցիկներ, սոցիալական կայքեր, տպագիր հայտարարություններ և այլն:

Լուսանկարը՝ Masing.ru-ի

19:15 10.01.2018