ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մինչեւ ապրիլի 1-ը ներկրված աջ ղեկ մեքենաները հետագայում խնդիր չեն ունենա. նախարար
15:55 11.01.2018

Մինչեւ ապրիլի 1-ը ներկրված աջ ղեկ մեքենաները հետագայում խնդիր չեն ունենա. նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաներն ապրիլի 1-ից հետո էլ կշահագործվեն, իսկ սեփականատերերը կկարողանան դրանք վաճառել երբ ցանկանան: Այս մասին Վահան Մարտիրոսյանն ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Կառավարության այսօրվա որոշմանը, որի համաձայն՝ ապրիլի 1-ից արգելվեց աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումն ու շահագործումը: Այս մասին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Վահան Մարտիրոսյանը պարզաբանեց Կառավարության որոշումը, որի համաձայն՝ արգելվում է հաշվառումն ու շահագործումը, իսկ ներմուծման համար Մաքսային օրենսգրքի համաձայն՝ հանձնարարական եղավ Վաչե Գաբրիելյանի կողմից, որպեսզի կազմվի օրենքի նախագիծ, որպեսզի արգելվի նաև ներմուծումը:

«Մինչև ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները կարող են հաշվառվել: Հաշվառելը նշանակում է, որ կարող են վաճառել, որովհետև եթե վաճառեք, չհաշվառեք, չեք կարող շահագործել: Դրա համար արգելված է շահագործումն ու հաշվառումը: Կներկայացվի օրենսդրական փաթեթ, որպեսզի արգելվի նաև ներմուծումը»,- ասել է Վահան Մարտիրոսյանը:

Հարցին՝ եթե քաղաքացին ցանկանա ապրիլի 2-ին վաճառել իր աջ ղեկային համակարգ ունեցող մեքենան, կկարողանա՞, Նախարարը հստակ պատասխանեց. «Եթե այսօր դուք ունեք մեքենա, եթե մինչև ապրիլի 1-ը ներկրել եք և գրանցել եք, հաշվառել եք այդ մեքենան, դուք կարող եք մինչև այդ մեքենայի սպառվելը և՛ վաճառել, և՛ սպառել, ցանկացած գործողություն անել այդ մեքենաների հետ: Այսօրվա գտնվող մեքենաները, որոնք որ կան Հայաստանում ոչ մի սահմանափակման տակ չեն ընկնում»:

Նախարարի խոսքով մինչև ապրիլի 1-ը ներկրված մեքենաներն անխոչընդոտ կհաշվառվեն և կշահագործվեն:

«Ես բազմից հայտարարել եմ, որ այսօր նման մեքենա ունեցողներից ոչ մեկը չի տուժելու: Նորից եմ հայտարարում. այսօր շահագործվող մեքենաները ոչ մի սահմանափակման տակ չեն ընկնելու»,- ընդգծել է Վահան Մարտիրոսյանը:

15:55 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները