ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կայացել է ՀՀ Կառավարության 2018թ. անդրանիկ նիստը
16:15 11.01.2018

Կայացել է ՀՀ Կառավարության 2018թ. անդրանիկ նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: 

Գործադիրն ընդունել է «ՀՀ Կառավարության 2018թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշում: Գերակա խնդիրներն ու միջոցառումներն արտացոլում են ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրով 2018թ. նախատեսված միջոցառումները, որոնք ուղղված են արդյունքային ցուցանիշների ապահովմանը:

Կկարգավորվեն հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները 

Հավանության է արժանացել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելուն: Օրինագծերի ընդունմամբ կսահմանվեն «հրավառություն» հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ:

Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը և դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին: Միաժամանակ սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար: 

Գործադիրը հավանություն է տվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն, օրինագծերը մշակվել են ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կիրարկումն ապահովելու նպատակով: 

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ հաշմանդամ դարձած զինծառայողներին

Զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն ձեռք բերած կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողներին լավագույն չափանիշներին համապատասխան վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին լիազորել իրեն ամրացված համապատասխան տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ին: Կազմակերպությունը պատրաստակամ է իր հաշվին գոյացած միջոցներով ներդրում կատարել, մասնավորապես, ամբողջովին վերանորոգել այդ տարածքը, զինել անհրաժեշտ սարքերով և սարքավորումներով, բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ լիցենզիան ստանալուց հետո, նշված կատեգորիային տրամադրել անվճար վերականգնողական բուժում: Նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում:

Այլ որոշումների մասին՝ այստեղ:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16:15 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները