ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ-ն ու Տաջիկստանն առանց վիզաների ռեժիմ են սահմանել
20:55 11.01.2018

ՀՀ-ն ու Տաջիկստանն առանց վիզաների ռեժիմ են սահմանել

ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիների փոխայցելություններն առաջիկայում կիրականացվեն առանց մուտքի արտոնագրերի: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:

Նախագծի հիմնական զեկուցող, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստանդարտ փաստաթուղթ է և սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Տաջիկստան, իսկ Տաջիկստանի քաղաքացիներն էլ՝ Հայաստան, հայտնում է Aysor.am-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

«Կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ մնալ այդ երկրում, բայց ոչ ավել քան 90 օր»,- ներկայացրել է Քոչարյանը:

Համաձայնագրի նախագծին հանձնաժողովի անդամները չընդդիմացան, և փաստաթուղթը կընդգրկվի փետրվարի 15-ին մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգում:

20:55 11.01.2018