ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ծնունդով Կապանից Գևորգ Հարությունյանը պայքարում է եվրատեսիլյան ուղեգրի համար
21:15 11.01.2018

Ծնունդով Կապանից Գևորգ Հարությունյանը պայքարում է եվրատեսիլյան ուղեգրի համար

«Դեպի Եվրատեսիլ - 2018» նախագծի մասնակից, ծնունդով Կապանից Գևորգ Հարությունյանը մրցույթին հանդես կգա Stand Up երգով:

Երաժշտության համահեղինակները նա և Աստղիկ Գրիգորյանն են, խոսքերը գրել է Լիանա Արամյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, վերջնական արդյունքով, ինչպես ընդունված է անվանել, «միքսմաստերինգով» զբաղվել է Լևոն Նավասարդյանը: Երգի ստեղծման գործընթացին մասնակցել են նաև այլ երաժիշտներ, որոնց մասին Գևորգը չցանկացավ բարձրաձայնել:

Գևորգը երկրորդ անգամ է փորձում շահել «Եվրատեսիլ»-ի ուղեգիրը: Նրան հեռուստադիտողները հիշում են հայկական 2-րդ «Իքս ֆակտոր» հեռուստաշոուից, որտեղ  նա  զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Բայց նախքան մրցույթին մասնակցելը Գևորգն անցել է երաժշտական ուղի՝ լի հաջողություններով և տպավորիչ երգերով: Իր երաժշտական ուղին Գևորգը սկսել է 5 տարեկանից: Նրա խոսքով երգելու տաղանդը մայրիկից է ժառանգել, ում հորդորով սկսել է երգել:

«Երաժշտությամբ զբաղվում եմ 5 տարեկանից, հաճախել եմ դաշնամուրի: Առաջին լուրջ բեմն ինձ համար մրցութային եղավ. 2001 թվականին հայրենի բնօրրանում անցկացվեց «Մանկության մեղեդի» մրցույթ-փառատոնը, որին մասնակցելը հաղթանակով պսակվեց: Առաջին հաղթանակս ինձ ոգևորեց, և ես հայտնվեցի «Դո ռե մի» մրցույթ-փառատոնի բեմում: Այնուհետև ընդունվել եմ Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոց և շուրջ կես տարի ուսանել մեր համաքաղաքացի, ժողովրդական երգի մեծ վարպետ Արամայիս Մարտիրոսյանի մոտ»,- նշում է Գևորգ Հարությունյանը:

Այսօր Գևորգի երաժշտական կյանքն առավել քան հագեցած է, մշտապես համերգների հրավերներ է ստանում: 2015 թվականից սկսած աշխատում է հեղինակային և նոր երգերի թողարկման վրա: Նա իր երկրպագուներին է ներկայացրել 10 երգ, իսկ առաջիկայում սպասվում է նաև նոր սինգլ տեսահոլովակի տեսքով, բայց մինչ այդ կլինի եվրատեսիլյան ելույթը:

Տեղեկացնենք, որ եվրատեսիլյան երաժշտական պայքարը կսկսվի փետրվարի 3-ից:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

21:15 11.01.2018