ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայաստանը կարող է դառնալ Իրանի դարպասը դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ 7 ԵՄ երկրներ». դեսպան
21:35 11.01.2018

«Հայաստանը կարող է դառնալ Իրանի դարպասը դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ 7 ԵՄ երկրներ». դեսպան

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունվարի 11-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ջավադ Չավամշահիդիի հետ։

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, որին հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, հանդիպմանը կողմերը միակարծիք էին, որ Հայաստանն ու Իրանը բազմաթիվ թելերով են կապված միմյանց, իսկ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա։

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ դեսպան Սադոյանը խոսել է Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի հնարավորությունների մասին և նշել, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներից միակը, որ ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ և ԵՄ երկրներ մուտք գործելուն:

Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:

Դեսպան Չավամշահիդին իր հերթին նշել է, որ Իրանը, Հայաստանը և Վրաստանը փայլուն հնարավորություն ունեն եռակողմ մի շարք նախագծեր իրականացնել՝ տրանսպորտային, էներգետիկ և բիզնես ոլորտներում՝ ավելացնելով որ այդ առումով խոչընդոտներ գոյություն չունեն։

Կողմերը նշել են, որ Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքը կարող է Եվրոպան Ասիային կապող նոր և շատ կարևոր կամուրջ հանդիսանալ։

Դեսպան Սադոյանը ընդգծել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև կառավարող մարմինների միջև համագործակցության կարևորությունը:

Ռուբեն Սադոյանն Իրանի դեսպանի հետ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ նշելով, որ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը մշտապես հանդիպում են ադրբեջանական կողմի հակազդեցությանը՝ ավելացնելով, որ դրա վառ ապացույցն օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Արցախում հերթական հայ զինծառայողի զոհվելու փաստն է։ Այդ համատեքստում ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։

Ռուբեն Սադոյանը նաև հետաքրքրվել է Իրանի ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձություններով՝ ընդգծելով այն կարևորությունը, որն ունի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար։

Լուսանկարը՝ MFA.am-ի

21:35 11.01.2018

Ամենաշատ ընթերցվածները