ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լևոն Տեր-Պետրոսյանը և Լևոն Սարգսյանը չեն դառնա Մատենադարանի տնօրեն
13:55 12.01.2018

Լևոն Տեր-Պետրոսյանը և Լևոն Սարգսյանը չեն դառնա Մատենադարանի տնօրեն

ՀՀ Վարչապետի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը: Սպասվում է, որ առաջիկայում կհայտարարվի նաև տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Այս մասին կարդում ենք «Հայկական ժամանակ» օրաթերթում:

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը թափուր է 2016 թվականի աշնանից՝ նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահից հետո: Այս ընթացքում թափուր պաշտոնի մրցույթ չի հայտարարվել: Նախատեսվում էր, որ փոխվելու է Մատենադարանի կարգավիճակը, և հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպության փոխարեն դառնալու է հիմնադրամ: Կարգավիճակի փոփոխության գործընթացն ավարտվել է: Մատենադարանի բարձրագույն կառավարման մարմինը հանդիսացող խորհրդի կազմը նույնպես, ինչպես նշեցինք, հաստատվել է:

Կանոնադրության համաձայն՝ խորհուրդը պետք է ունենա 19 անդամ, որից 10-ը՝ Մատենադարանից: Մյուս 9-ը անդամը, որոնք նույնպես նշանակվել են կանոնադրական նորմերի հիման վրա, բայց ներկայացնում են այլ՝ պետական ու ոչ պետական կազմակերպություններ, հետևյալն են.

Լևոն Մկրտչյան՝ ՀՀ կրթության և գիտության նախարար,

Վահե Ստեփանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար,

Ավետիս Բերբերյան՝ ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ),

Սամվել Հարությունյան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ,

Ռադիկ Մարտիրոսյան՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ),

Արամ Սիմոնյան՝ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ),

Ներսես Տեր-Վարդանյան՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ,

Տիգրան Զարգարյան՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ),

Լևոն Սարգսյան՝ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ (համաձայնությամբ):

Մատենադարանի տնօրեն ընտրելու է հոգաբարձուների խորհուրդը: Ենթադրվում է, որ խորհրդի նախընտրելի թեկնածուն կլինի այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Այդ հնարավորության օգտին է խոսում մասնավորապես այն հանգամանքը, որ Մատենադարանը հիմնադրամ դառնալուց հետո էլ նա շարունակել է աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատար, ինչը ամրագրվել է Կառավարության համապատասխան որոշմամբ: Իսկ փորձը ցույց է տալիս, որ մասնավորապես կրթական ու գիտական հաստատություններում տնօրեն են դառնում այն մարդիկ, որոնք մինչև մրցույթը նշանակված են լինում որպես ժամանակավոր պաշտոնակատար, ու մրցույթի ընթացքում էլ, որպես կանոն, մրցակից չեն ունենում: Վահան Տեր-Ղևոնդյանը պատմաբան է, եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:

Վերջին գրեթե երկու տարվա ընթացքում, որպես Մատենադարանի տնօրենի հավանական հավակնորդի, նշվում էր Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի անունը: Նա, սակայն, «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հերքել էր, թե ինքը նման մտադրություն ունի: Բացի այդ, այսօր արդեն նա չի ունենա այդ հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ Մատենադարանի խորհրդի անդամը, համաձայն կանոնադրության, չի կարող դառնալ տնօրեն: Նույն Վահան Տեր-Ղևոնդյանն, ի դեպ, ընդգրկված չէ հոգաբարձուների խորհրդի կազմում, ինչը նույնպես հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները նրա հետ կապված այլ ծրագրեր ունեն:

Այս ընթացքում շրջանառվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, որը թեկնածությունը հետագայում, իհարկե չի հաստատվել: Տեղեկություններ կան, որ առաջադրվելու մտադրություն ունեցել են Մատենադարանի մեկ-երկու բաժինների ղեկավարներ, որոնք, սակայն, ըստ նույն տեղեկությունների, դուրս են մնացել գործընթացից: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ, ամենայն հավանականությամբ, նրանք չեն ներկայացնի:

Լուսանկարը՝ CarForRent.am-ի

13:55 12.01.2018

Ամենաշատ ընթերցվածները