ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ադրբեջանցի ուսուցչի վրա կրակել են «խաղաղության» կոչերի պատճառով
15:15 12.01.2018

Ադրբեջանցի ուսուցչի վրա կրակել են «խաղաղության» կոչերի պատճառով

Ադրբեջանում ազգայնական խմբավորումներից մեկի մի խումբ անդամներ մտել են Բաքվի թիվ 220 ավագ դպրոց ու կրակել անգլերենի ուսուցիչ Ռոշան Ազիզովի վրա, որը հայտնի է Հայաստանի հետ թշնամությանը վերջ տալու իր կոչերով, և հատկապես աշակերտուհիներից մեկին հայկական տարազով լուսանկարելու սկանդալային պատմությունից հետո, գրում է eurasianet.org-ը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

«Նրանք ստորացրել են ինձ իմ աշակերտների աչքի առջև: Նրանք ինձ հայ են անվանել, հայ լրտես: Իբրև թե ես Ադրբեջան եմ եկել հայերի հրամանով Ադրբեջանը քանդելու համար: Իրականում ես ուզում էի միայն ցույց տալ, որ խաղաղությունը հնարավոր է և մենք կարող ենք կոնֆլիկտը կարգավորել առանց իրար սպանելու»,-  ասել է Ռոշան Ազիզովը: 

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին: Դպրոցի տնօրինությունը պնդում է, որ նրա վրա կրակել են ոչ թե հայամետ հայտարարությունների համար, այլ դասավանդման դասական մեթոդներից շեղվելու պատճառով: 

Միջադեպից հետո ադրբեջանցի ուսուցիչը շարունակում է հայերի և ադրբեջանցիների խաղաղ ապրելու մասին գրառումներ կատարել սոցիալական ցանցերում: Դիմում է հատկապես երիտասարդներին, նշում, որ պետք է բացեն իրենց աչքերը, թեև խաղաղություն բառը գործածելու համար իր վրա կրակել են և իր որդին քաղցած է մնացել: Նաև տեսանյութ է տարածում, որում իր աշակերտները հայերի և ադրբեջանցիների կոնֆլիկտն են բեմադրել: Տեսանյութում աշակերտները նաև հայերեն են խոսում: 

Ակնհայտ է, սակայն, որ տվյալ դեպքում եւ ստորեւ բերված տեսահոլովակում կատարվողը ոչ թե խաղաղության կոչ է, այլ պատերազմի: Ավելի հավանական է, որ նշյալ ուսուցիչն ալիեւյան կլանի ներկայացուցիչ է, որը դպրոցում մանկահասակ երեխաներին խաղաղության կոչերի անվան տակ հայերեն է սովորեցնում եւ նրանցից, ըստ էության, ռազմիկներ է պատրաստում: 

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ից

15:15 12.01.2018