ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Բաքվին ազատել դատապարտված լրագրող Մուխթարլիին
16:55 13.01.2018

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Բաքվին ազատել դատապարտված լրագրող Մուխթարլիին

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիթեր Հայերթը հայտարարություն է արել Ադրբեջանում 6 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիի գործի վերաբերյալ:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի Կառավարությանն ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, գրում է contact.az-ը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3-րդ հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն):

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Պետդեպը հետևում է վրացական կողմի հետաքննությանը Մուխթարլիի առևանգության մասով:

«Մենք կրկնում ենք մեր հորդորներն առ այն, որ հետաքննությունը պետք է լինի թափանցիկ, լիարժեք և նախանշված ժամկետում»,- ասվում է հայտարարության մեջ:

Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների՝ լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար:

Լուսանկարը՝ Asbarez.com-ի

16:55 13.01.2018