ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Իրանում 21-ի փոխարեն 25 զոհ կա և 622 ձերբակալված
14:55 15.01.2018

Իրանում 21-ի փոխարեն 25 զոհ կա և 622 ձերբակալված

Իրանում նոր տվյալներ են հրապարակվել դեկտեմբերի 28-ին սկսված և մեկ շաբաթ մի քանի քաղաքներում շարունակված հակակառավական ցույցերի վերաբերյալ: Հայտնի 21-ի փոխարեն այժմ պաշտոնապես հաստատվում է 25 զոհի մասին տեղեկությունը և 622 մարդու նկատմամբ նախնական կալանք է կիրառվել. տեղեկությունները հայտնել է երկրի դատական իշխանության խոսնակ Ղոլամ-Հոսեին Էժեիին, գրում է Press TV-ն, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

«Ձերբակալվել են վերջին խռովությունները կազմակերպելու համար արտասահմանից հրահանգներ ստացած մարդիկ, անկարգությունների ղեկավարները: Ցույցերի առաջին երեք օրերին ձերբակալվածների մի մասն ազատ է արձակվել»,- ասել է իրանցի պաշտոնյան: 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են Իրանի դեմ իրենց դավադրությունները իսլամական իսթաբլիշմենթին վնասելու նպատակով, սակայն իրանցիներն ապահով են, քանի որ երկրի անվտանգության համակարգը զգոն է: 

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Իրանի հարցով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ կառույցում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամալի Հոշրուն հայտարարել էր Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտելու «երկար պատմության» մասին:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի ցույցերը քննարկելու ԱՄՆ որոշումը մշտական անդամի լիազորությունները չարաշահել է, ինչպես նաև վիրավորանք հենց այս խորհրդի համար: Եվ սա այն դեպքում, երբ Իրանում մեր որոշ քաղաքացիների կազմակերպած ցույցերը հենց ԱՄՆ-ի՝ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեմ էին»,- հայտարարել է իրանցի դիվանագետը:

Ցույցերն իրականացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակում, որը Թեհրանի դեմ սկսել են մի քանի երկրներ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Նրա խոսքով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան են գլխավորում սոցիալական ցանցերում քարոզչությունը, որն ազդում է ցույցերի կազմակերպման և ընթացքի վրա:

Ցույցերին արձագանքել է նաև ԱՄՆ-ում ապրող Իրանի վերջին շահ Ռեզա Փեհլևիի որդին: Նա հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով ակցիայի մասնակիցներին: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.«Իրանում հոգևոր առաջնորդի այրվող նկարները, Ռեզա շահ Փահլևիի անվան կոչերն իսկական մարտահրավեր են Իրանի Իսլամական Հանրապետության համար»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը հայտնել է, որ Իրանի հայկական բնակավայրերը չեն մասնակցել ցույցերին:

Իրանում կազմակերպված զանգվածային բողոքի ցույցերը ժողովրդի արդարացի պահանջների կուտակման և դրանց անուշադրության մատնելու արդյունք են, որոնք դրսևորվում են այսօր, «Խանե Մելլաթ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի և Հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը:

Լուսանկարը՝ Rferl.org-ի

14:55 15.01.2018