ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ազգային ժողովը մարտի 2-ին ՀՀ նախագահ կընտրի
16:15 15.01.2018

Ազգային ժողովը մարտի 2-ին ՀՀ նախագահ կընտրի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումները կսկսի մեկնարկած շաբաթվա ընթացքում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ում խոսքերը փոխանցում է «Ժողովուրդ»-ը:

«Այս պահին թեկնածուների անուններ դուք չեք կարող իմանալ, որովհետև մենք այդ հարցի վերաբերյալ քննարկումներ դեռ չենք ծավալել: Երբ մենք կսկսենք քննարկումներն արդեն այս շաբաթվա ընթացքում և կունենանք որոշում, բոլորդ այդ մասին կիմանաք»,- նշել է Բաղդասարյանը:

Նա ընդգծել է, որ նախագահի ընտրության ժամանակահատվածը փետրվարի 28-ից մարտի 10-ն է՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Հարցին՝ հստակություն կա՞ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, որ վարչապետի թեկնածու ներկայացնելուց առաջ պետք է ներկայացնեն նախագահի թեկնածուին, որից հետո կսկսեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները: Նա նշել է, որ քննարկումներից հետո որևէ բան գաղտնի չի մնա, և բոլորը կիմանան կայացված որոշումների մասին: Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվելու են 2018թ. ապրիլի 9-ին: Մինչ այդ նոր Սահմանադրությամբ ՀՀ Ազգային ժողովը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահին, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո Կառավարությունը հրաժարական կտա: Դրանից հետո Խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, ով կձևավորի նոր կառավարությունը: 

16:15 15.01.2018